Սերգեյ Շոյգուի այցը լավ հնարավորություն է ստեղծում քննարկելու երկկողմ հարաբերությունների օրակարգը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Այս մասին ասել է Իլհամ Ալիևը: Նա նշել է տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կանոնավոր շփումների կարևորությունը։ Ընդգծելով, որ երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են, Ադրբեջանի նախագահն ասել է, որ դա արտահայտվում է բարձրագույն և այլ մակարդակներում շփումներով, ինչպես նաև իրենց երկրների միջև ստորագրված փաստաթղթերի ու ճանապարհային քարտեզների իրագործմամբ, անվտանգության, տրանսպորտի ոլորտում համագործակցությամբ։
Ալիևը նշել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները օրինակ են որոշ հարևան պետությունների համար, դրանք համարել է Հարավային Կովկասում և ավելի լայն տարածաշրջանում անվտանգության կարևոր գործոն։
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, շնորհակալություն հայտնելով պատվիրակության հանդեպ անկեղծ և ջերմ վերաբերմունքի համար, ասել է, որ դա հիմնված է երկու երկրների ղեկավարների անձնական հարաբերությունների վրա: