Հայկական ըմբշամարտի լեգենդ Լևոն Ջուլֆալակյանի անունն ընդգրկվեց Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի փառքի սրահում:
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` Փարիզում «Ըմբշամարտի տանը» Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպված պաշտոնական արարողության ընթացքում Լևոն Ջուլֆալակյանի և ըմբշամարտում մեծ ավանդ ունեցող մի շարք այլ մարզիկների անունները պաշտոնապես ընդգրկվեցին Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի փառքի սրահում: Հանդիսավոր արարողությանը ներկա էին UWW-ի նախագահ Նենադ Լալավիչը, միջազգային ֆեդերացիայի մի շարք ներկայացուցիչներ, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը և այլոք:
«Ե՛վ որպես մարզիկ, և՛ որպես մարզիչ բարդ ու երկար ճանապարհ եմ անցել: Ստացվեց այն, ինչ ստացվեց։ Ոչինչ պատահական չի ստացվել․ այս ամենը երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք է: Այսօր Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան տալիս է իր գնահատականը, ինչի համար շատ շնորհակալ եմ ու երախտապարտ եմ»,-ասաց Լևոն Ջուլֆալակյանը:
Լևոն Ջուլֆալակյան Օլիմպիական խաղերի չեմպիոն է (1988), աշխարհի (1986), Եվրոպայի (1986) առաջնությունների ոսկե մեդալակիր: Ջուլֆալակյանը մարզչական աշխատանքի է անցել 1999 թվականին և գլխավորել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը: Նրա գլխավորությամբ 2016 թվականին Արթուր Ալեքսանյանը դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն, 2012 թվականին Արսեն Զուլֆալակյանը նվաճել է ՕԽ արծաթե մեդալը, Ռոման Ամոյանը և Յուրի Պատրիկեևը նվաճել են բրոնզե, Միհրան Հարությունյանը` արծաթե մեդալ: