Հետևեք մեզ։

Yandex տաքսի ծառայության մոտ 100 վարորդ հանգստյան օրերին գործադուլ էր հայտարարել․ ի՞նչ խնդիրների են բախվում վարորդները

13:15, 07 օգոստոս 2024
Yandex տաքսի ծառայության մոտ 100 վարորդ հանգստյան օրերին գործադուլ էր հայտարարել․ ի՞նչ խնդիրների են բախվում վարորդները

Hayastan.news-ի տեղեկություններով՝ Yandex տաքսի ծառայության մոտ հարյուր վարորդ նախորդ հանգստյան օրերին հրաժարվել է աշխատել․ պատճառը վարորդների իրավունքների ոտնահարումն է։ Այդ գործադուլով է եղել պայմանավորված տաքսի ծառայության գների կտրուկ բարձրացումը նշված ժամանակահատվածում։

Զրուցակիցները հայտնեցին, որ հաճախորդների իրավունքների պաշտպանության զբաղվում է տաքսի ծառայությունը, վարորդների նկատմամբ էլ պարտականություններն ավելանում են։

Պարզվում է՝ սեպտեմբեր ամսից ՀԴՄ կտրոն է տրամադրելու վարորդը, տաքսի ծառայությունը պարտադրում է, որ սարքերը ձեռք բերեն վարորդները, սակայն միայն դա չէ խնդիրը։

Զրուցակից վարորդներից մեկն ասաց․ «Երբ ուղևորը զանգահարում է իր գտնվելու վայրի հստակեցման հարցով, կամ ուղևորին չհանդիպելիս վարորդն է զանգահարում, այդ պահին պարեկային ծառայողը կարող է գալ ու տուգանել։ Արդյունքում ստացվում է՝ ուղևորը չի սպասի մինչև վարորդը տուգանվի, վարորդին մնում է միայն տուգանքը վճարել և ծախսած վառելիքի գումարը։ Մյուս հարցը, որ առաջանում է․ ուղևոր վերցնելիս կամ իջեցնելիս միշտ խնդիրներ են լինում՝ անվտանգության, ուղևորի պահանջի ու տուգանվելու վերաբերյալ։ Դա էլ է վարորդը վճարում՝ արգելված վայրում կայանելու համար։ Հիմա առաջանում է կտրոն տրամադրելու հարցը․ ուղևորը, որը չի սպասում կես վայրկյան, որպեսզի նորմալ կայանես՝ իջնի, պիտի սպասի՞, որ վարորդը կայանի, ՀԴՄ կտրոն տպի՞, որ ուշացնես էլ՝ կգնահատի 1, և մի քանի օր կզրկվես աշխատելու իրավունքից»։

Այսինքն, ստացվում է՝ վարորդների վրա ևս մեկ պարտավորություն է դրվում՝ տպել ՀԴՄ կտրոն:

Բայց նաև խնդիր է հաճախորդի սուբյեկտիվ գնահատականը, որը Yandex կամ GG տաքսի ծառայությունների ղեկավարներն ընդունում են ի գիտություն և վարորդին զրկում մի քանի օր աշխատելուց։

Պարզվում է` կա նաև ներքին կանոնակարգ, որը վարորդը խախտել չի կարող, իսկ հաճախորդին դա դուր չի գա, կգնահատի ցածր վարորդին և էլի կտուժի վարորդը։

«Օրինակ․ բաց կամ փակ պատուհաններով վարելը խնդիր է, մեկը օդորակիչ է ուզում, մյուսն ասում է՝ ցուրտ է մեքենայի մեջ, ծխելն առավել խնդրահարույց է․ կանոնակարգով ծխող ուղևորին կարող ենք իջեցնել մեքենայից, իսկ ուղևորն այդ կանոնի համար վարորդին ցածր գնահատական է նշանակում և պատժվում է վարորդը, եթե չիջեցնի էլ, կրկին պատժվելու է, որովհետև կանոնակարգ է խախտում։ Հարց է առաջանում՝ որպես աշխատող մարդիկ, որտեղ են վարորդների իրավունքները»։

Հարցին, թե ըստ իրենց, ո՞րն է լուծումը, վարորդներին ասացին․ պետք չէ վարելուն զուգահեռ այլ գործողություններով ծանրաբեռնել վարորդին և պետք է լսել նաև վարորդի կարծիքը, պատմությունը, հասկանալ իրականությունը, ոչ թե ի գիտություն ընդունել միայն ուղևորի գնահատականն ու մարդուն զրկելու աշխատելուց ու եկամտի աղբյուրից։ Բացի այդ, տաքսի ծառայության ղեկլավարությունը պետգք է զբաղվի նաև վարորդների իրավունքների պաշտպանությամբ։