Հետևեք մեզ։

ԱԳ նախարարությունն արձագանքել է Ալիևի ներկայացուցչի հայտարարություններին

21:35, 07 օգոստոս 2024
ԱԳ նախարարությունն արձագանքել է Ալիևի ներկայացուցչի հայտարարություններին

Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը «Լուրեր»-ի հարցին ի պատասխան արձագանքել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի՝ «Ազատության» հարցազրույցում արած հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը երկկողմ համաձայնությամբ որոշել են տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը հանել խաղաղության պայմանագրից ու դրան վերադառնալ հետագա փուլում։

 

Անի Բադալյանը պարզաբանել է․

 

«Նշելով, որ փոխադարձ համաձայնությամբ բուն խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը՝ պետք է ընդգծենք, որ դրանց արդյունավետ ապաշրջափակումը շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության և տնտեսական զարգացման՝ ՀՀ տեսլականի և առաջմղվող օրակարգի կարևոր մաս»:

 

Բադալյանի խոսքով՝ այն լավագույնս արտացոլվել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում՝ հիմնվելով հայտնի սկզբունքների՝ ինքնիշխանության և իրավազորության հարգման, ինչպես նաև փոխադարձության ու հավասարության վրա: