Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Սուրբ Պատարագի արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Այդ կապակցությամբ հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը։
Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի և Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։
Իր քարոզում Հայր Սուրբն անդրադարձ կատարելով 20-րդ դարասկզբի պատմական իրադարձություններին ու Հայոց Ցեղասպանությանը, ի մասնավորի նշել է. «Հարյուր ութը տարի շարունակ մեր ազգային հիշողության մեջ ցեղասպանության փաստը մնում է իբրև անհերքելի, անջնջելի ամոթ, որ խարանված է այն ժամանակվա, և ինչու չէ, այսօրվա մարդկության ճակատին՝ իբրև առաջին ցեղասպանություն: Այդ հարյուր ութը տարիներից ութը շատ կարևոր են, որովհետև մենք ութը տարի շարունակ այլևս ոչ թե ցեղասպանության զոհերին ենք ոգեկոչում, այլ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից սրբադասված մարտիրոսներին՝ նահատակներին:
․․․․Աշխարհի գրեթե բոլոր կոտորածներն ու ցեղասպանությունները անտարբերության ծնունդ են: Սրա պատճառով ոչ միայն մարդկային կյանքի ցեղասպանություն կարող է տեղի ունենալ, այլև՝ մտքի, հոգու, լեզվի, հոգևոր արժեքների ցեղասպանություն: Մարդկային և համազգային անտարբերությունը քանդում է հնարավոր բոլոր սահմանները:
Նահատակների խորհուրդը մեզ հավատարմության պատգամ է: Հավատարմություն այն բոլոր արժեքների հանդեպ, որոնք երբևիցե մեր ազգի կյանքում ստեղծվել և շարունակում են ստեղծվել։ Եթե այս հավատարմությունը չկա, եթե մենք անտարբերությամբ փորձում ենք մեր կյանքն ապրել իբրև բոլոր կենդանիներին տրված ժամանակամիջոց, ուրեմն մենք այդ հավատարմության խորհրդի մեջ չենք։
Հավատարմություն մինչև վերջ, որովհետև հավատարմության մեջ է ներփակված այն, ինչը մենք անվանում են նահատակություն: Մենք մեր կյանքի մեջ, մեր ճիգերով, մեր ջանքերով, մեր արժեքների պահպանության համար մղվող պայքարով, մեր հավատքի՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած մեր հավատքի համար պայքարով նահատակներ ենք: Մենք պայքարում ենք, որպեսզի մնանք հավատարմության խորհուրդի մեջ»։
Վերջում Հայր Շահեն պատգամել է հավատացյալ հայորդիներին հեռու մնալ անտարբերությունից, որ ամեն մեղքի ծնողն է ու վախճանը հավատացյալ մարդու հոգևոր կյանքի և լինել հավատարիմ ամեն բանի մեջ:
Սուրբ Պատարագի ավարտին եկեղեցականների թափորը, կրելով սուրբ նահատակների մասունքարանը, ուղղվել է դեպի Մայր Տաճարի շրջափակ, ուր Աղոթքի և ուխտի խաչքարի առջև, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: