Հետևեք մեզ։

Ինչ անել գազի պայթյուններից խուսափելու համար (տեսանյութ)

09:56, 08 օգոստոս 2024
Ինչ անել գազի պայթյուններից խուսափելու համար (տեսանյութ)
Բնական և հեղուկ գազի սխալ շահագործման դեպքում կարող է պայթյունավտանգ իրավիճակ առաջանալ։ Պայթյուններից և հրդեհներից խուսափելու համար անհրաժեշտ է գազի սարքավորումները և գազաբալոնները շահագործելիս պահպանել տեխնոլոգիական նորմատիվները: Դրանք պետք է պահել պատշաճ վիճակում, պարբերաբար ստուգել աշխատանքը։
 
 
Մասնագետների կարծիքով՝ պայթյունների և հրդեհների ճնշող մասը մարդկանց անուշադրության և անփութության հետևանքով են։
 
 
«Շահագործվող գազաբալոնները պետք է ժամանակին փորձարկվեն: Պետք է դաջվածք արվի բալոնի վրա, թե որքան ժամանակ է այն ենթակա շահագործման։ Եթե ճիշտ պահպանվեն հրդեհային անվտանգության կանոնները, ապա հրդեհներ գրեթե չեն լինի»,-ասում է փրկարարական ուժերի վարչության Կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնի պետ, գնդապետ Մանվել Ավետիսյանը:
 
 
Ըստ վիճակագրական տվյալների՝ 2023 թ. արձանագրվել է 39 պայթյուն, զոհվել է՝ 4, տուժել՝ 51 քաղաքացի, իսկ 2024 թ. մինչև օգոստոս ամսվա տվյալներով՝ արձանագրվել է 26 պայթյուն, զոհվել է՝ 8, տուժել՝ 27 քաղաքացի։
 
 
Ըստ կառավարության որոշման՝մեքենաների գազաբալոնները պետք է անցնեն փորձարկում և գազալցակայաններում սպասարկվելու համար ունենան շահագործման թույլտվույթուն։ Գազաբալոնից բացի վնասվածքներ կարող են ունենալ նաև ռետինե խողովակները։
 
 
Մեքենաների վրա գազի բալոն տեղադրելիս հաճախ չեն պահպանվում շահագործման կանոնները, ինչի արդյունքում ոչ միայն կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծվել, այլև գազի գերածախս լինել։
 
 
Անհրաժեշտ է հստակ պահպանել գազաբալոնների և սարքավորումների շահագործման անվտանգության մի քանի պարզ կանոն:
Միացման հանգույցները պետք է պարբերաբար ստուգել փրփուրի միջոցով։
 
 
Մեքենայում գազի հոտ զգալու դեպքում պետք է անմիջապես դիմել մասնագետի։
 
Գազի բալոնները պետք է տեղադրվեն արևի ուղղակի ճառագայթներից պահպանված, օդափոխություն ունեցող սենյակում։
 
Եթե հրդեհի տարածումը հասնում է գազաբալոնին, անհրաժեշտ է անմիջապես անջատել գազօջախից և տեղափոխել անվտանգ տարածք՝ զանգահարելով 911։