Հետևեք մեզ։

ՀՅԴ ԳՄ-ն հայտարարություն է տարածել ՀՅ դաշնակցության՝ Հայաստան վերադառնալու 34-ամյակի առթիվ

11:54, 08 օգոստոս 2024
ՀՅԴ ԳՄ-ն հայտարարություն է տարածել ՀՅ դաշնակցության՝ Հայաստան վերադառնալու 34-ամյակի առթիվ
ՀՅԴ ԳՄ-ն հայտարարություն է տարածել ՀՅ դաշնակցության՝ Հայաստան վերադառնալու 34-ամյակի առթիվ։ 
 
«34 տարի առաջ, այս օրը, 1990 թ․ օգոստոսի 8-ին Հայ Յեղափոխական Դաշնակցությունն հայտարարեց Հայաստան իր ՎԵՐԱԴԱՐՁ-ի մասին։
Դաշնակցությունն իր կազմակերպական ներկայությունն էր վերահաստատում Հայրենիքում, որի զորացմանն ու պետականության վերակերտմանը նվիրվել էր անմնացորդ և անսակարկ։
 
1988-ի ազգային-ազատագրական պայքարը նոր հանգրվան էր Դաշնակցության համար։
 
Դաշնակցությունը՝ «Դեպի Երկիր» կարգախոսով որդեգրեց իր նոր երթը՝ վերադառնալով Հայրենիք և մասնակիցն ու դետակատարը դառնալով Արցախի ազատագրական պայքարի ու Հայրենիքի անկախության վերակերտմանը։
 
Դա նվիրումի ճանապարհ էր՝ խարսխված գիտակցված զոհաբերությունների, կուսակցության քաղաքական պատասխանատվության և անկախ պետականություն կերտելու նվիրական երազանքի վրա։
 
Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնականության գաղափարի վրա կառուցելով իր տեսլականը, Դաշնակցությունն ու դաշնակցականն անցնող տասնամյակներում մշտապես եղան Արցախյան բոլոր ազատամարտերի առաջնագծում՝ արյամբ գծելով ու ամրագրելով Հայրենիքի սահմանը։
Անցնող երեք տասնամյակներին Դաշնակցությունը Հայաստանի և Արցախի անկախության կերտման քաղաքական կարևոր դերակատարներից էր՝ ճակատում, երկրի ներքին կյանքում և Սփյուռքում՝ այդ ճանապարհին արձանագրելով թե՜ անուրանալի ձեռքբերումներ, ցավոք, նաև բացթողումներ։
Եվ, այդուհանդերձ, մեր սկզբունքներն ու արժեքները եղան ու մնացին աննահանջ՝ «Հայրենիքն ու պետականությունն ամեն բանից վեր»։
 
Այսօր էլ, գոյաբանական ծանրագույն մարտահրավերների հորձանուտում, Դաշնակցության հավատամքն ու թիրախները նույնն են՝ իր կառույցի ողջ կարողականությամբ ծառայել հայոց պետականության կենսունակությանը, բոլոր ճիգերը գործադրել կասեցնելու երկրի կործանարար ընթացքը, վերականգնել մեր ազգային արժանապատվությունն ու հաղթանակներ կերտող հայ մարդու ոգին։
Սիրելի հայրենակի՜ց, Դաշնակցությունը քո կողքին է։ Միասին մենք կարո՛ղ ենք։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին,
 
Օգոստոս 8, 2024, Երևան»,-ասվում է հայտարարությունում։