Հետևեք մեզ։

«Օպերայում» լույսերն առանց ծանուցելու անջատել են, հերթական անգամ ներկայացումը կիսատ է մնացել․ Թատրոնը կդիմի իրավասու մարմիններին

23:41, 08 օգոստոս 2024
«Օպերայում» լույսերն առանց ծանուցելու անջատել են, հերթական անգամ ներկայացումը կիսատ է մնացել․ Թատրոնը կդիմի իրավասու մարմիններին
 
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակազմը հայտնել է, որ էլեկտրամատակարարման ընդհատումների պատճառով խնդիրներ ու անհարմարություններ են առաջանում, իսկ երեկ արտերկրից հրավիրած խմբի ներկայացման ժամանակ կրկին լույսերն անջատվել են։
Հաղոդագրությունում ասվում է․
 
«Երեկ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բալետային ներկայացման ժամանակ տեղի է ունեցել էլեկտրամատակարարող ընկերության կողմից, առանց նախապես ծանուցելու, էլեկտրաէներգիայի մատակարարման հերթական ընդհատումը, ինչի պատճառով այս անգամ ևս դադարեցվել է հերթական ներկայացումը։
Պարբերական դարձած այս խնդիրը ոչ միայն մեծ անհարմարություն և բարոյական վնաս, այլև նյութական և ֆինանսական մեծ կորուստներ է պատճառում թե՛ թատրոնին իր բնականոն աշխատանքային գործունեության իրականացման հարցում, թե՛ առաջացնում է հանդիսատեսի օբյեկտիվ վրդովմունքը։ Հատկապես երեկ, երբ լեփ-լեցուն դահլիճում հյուրախաղերով հանդես է եկել բալետային հրավիրյալ խումբ արտերկրից։
 
Թատրոնի ղեկավար անձնակազմը հայցում է հանդիսատեսի ներողամտությունն էլեկտրաէներգիա մատակարարող ընկերության պատճառած անհարմարության համար, ինչպես նաև հրավիրում է պատկան մարմինների ուշադրությունը մատակարարվող էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների հարցը կարգավորելու վրա:
 
 
Անթույլատրելի ենք համարում էլեկտրամատակարարող ընկերության՝ պարբերաբար և տևական ժամանակով էլեկտրամատակարարման ընդհատումները, ինչի կապակցությամբ Թատրոնը կդիմի իրավասու մարմիններին»։