Հետևեք մեզ։

Ալեքսանդր Սարգսյանն ու ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն. «Հետք»

09:05, 09 օգոստոս 2024
Ալեքսանդր Սարգսյանն ու ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն. «Հետք»

Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանն ու ընտանիքի անդամները օգոստոսի 13-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Այս մասին գրում է «Հետք»-ը:

 

Մասնավորապես՝ դատախազություն են հրավիրվել Ալեքսանդր Սարգսյանը, կինը՝ Ավրիգա Սարգսյանը, որդիները՝ Նարեկ և Հայկ Սարգսյանները, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված Սոնա Սարգսյանը: Նշված անձիք ծանուցվել են, որ Ալեքսանդր Սարգսյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա ընտանիքի անդամների անվամբ հաշվառված գույքը ևս հանդիսանում է բռնագանձման առարկա:

 

Նշենք, որ այս փուլում դատախազությունը տեղեկություններ չի փոխանցում, թե ինչ գույք կամ որքան դրամ է ենթակա բռնագանձման: Պատճառաբանությունն այն է, որ շահագրգիռ անձիք կարող են ներկայացնել ապացույցներ, որով հնարավոր է հիմնավորվի գույքի օրինականությունը, հետևաբար բռնագանձման ենթակա գույքի ցանկից դուրս գա: Այդ իսկ պատճառով տեղեկություններ չեն փոխանցում՝ մինչև հայցադիմումով դատարան դիմելը:

 

Հիշեցնենք, որ 2018թ. Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Ալեքսանդր Սարգսյանն ու որդիները՝ Հայկ և Նարեկ Սարգսյանները, հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում:  Նրանց նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել:

 

2021թ. հունիսի 1-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Նարեկ Սարգսյանին մեղավոր էր ճանաչել՝ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, առանձնապես խոշոր չափով թմրանյութերի ապօրինի շրջանառության և մարդուն առևանգելը կազմակերպելու համար, և նրան  դատապարտել 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, որից երկու տարին արդեն կրել էր՝ ազատազրկման ձևով:

 

Նարեկ Սարգսյանը տևական ժամանակ գտնվում էր հետախուզման մեջ: 2018թ. դեկտեմբերին Պրահայում հայտնաբերվել է «Ֆրանկլին Գոնսալես» անձնագրային անվամբ, ու մեկ տարի անց արտահանձնվել Հայաստանին։

 

Իսկ Հայկ Սարգսյանը մեղադրվում էր 2007թ. սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու մեջ: Սակայն, արարքը վերաորակվել էր անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով և դատարանի վճռով 2021թ. մեղավոր էր ճանաչվել, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Ինչ վերաբերում է  ապօրինի կերպով հրազեն կրելու մեղադրանքին, ապա այդ հոդվածով նա արդարացվել էր՝ արարքի կատարմանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով: