«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Օլիմպիական խաղերի ամենաշոկային հարվածը հայ մարզասերների համար լեգենդար Արթուր Ալեքսանյանի արծաթե մեդալի նվաճումն էր, քանի որ հայ հանրությունը վստահ էր, որ նա ոսկե մեդալակիր է լինելու` անվիճելիորեն: Բայց, պարզվում է, լուրջ խնդիրներ կան. մենք կրկին ազգովի բախվել ենք անարդարության և պետք է պայքարենք, որպեսզի Արթուր Ալեքսանյանը ևս արժանա ոսկե մեդալի:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ, ով Փարիզում հետևում էր օլիմպիական խաղերին:
– Պարո՛ն Թամրազյան, նկատեցինք, որ Փարիզում էիք և երկրպագում էիք Օլիմպիական խաղերին մասնակցող մեր ըմբշամարտիկներին։ Ինչպե՞ս եք գնահատում մեր մարզիկների պատրաստվածությունն ու մասնակցությունը։
-Մեր մարզիկների պատրաստվածությունը բարձր եմ գնահատում. նրանք բոլորն էլ հանդես եկան արժանիորեն։ Արթուր Ալեքսանյանը, հատկապես, ցույց տվեց, թե ինչու է նա հանդիսանում հայ ամենատիտղոսակիր մարզիկը։ Արթուրը նաև համաշխարհային ընբշամարտի պատմության մեջ է ամենատիտղոսակիրներից։ Միայն Լոպեզն ունի օլիմպիական 5 մեդալ, Կարելինը՝ 4 և Ալեքսանյանը՝ 4. սա գրեթե անգերազանցելի նվաճում է։
– Իսկ ընդհանուր առմամբ ի՞նչ տպավորություններ ունեք օլիմպիական խաղերից։
-Տպավորություններս, անկեղծ ասած, բացասական են։ Իմ դիտարկմամբ` մրցավարությունը ոչ միայն անարդար էր, այլև խայտառակ կերպով. սա օլիմպիական խաղերին հարիր մրցավարություն չէր։
– Ի՞նչ նկատի ունեք, կպարզաբանե՞ք։
-Ալեքսանյանի եզրափակիչ մարտի ընթացքում իրանցի ընմբիշը երկու ոտքով, ակնհայտ, գորգից դուրս վիճակում էր, ինչի արդյունքում նրան միավորներ չպետք է տրվեին, և մեկ միավոր պետք է տրվեր Ալեքսանյանին։ Արդյունքում` հաշիվը կլիներ 2։1` հօգուտ Ալեքսանյանի։ Մեր մարզիչները բողոքարկեցին այդ դրվագը, սակայն բողոքարկումը մերժվեց։ Սա խայտառակ կողմնակալության վառ օրինակ էր՝ ուղղված մեր մարզիկների դեմ։ Ի դեպ, սա միակ դրվագը չէր այս օլիմպիական խաղերի անարդար մրցավարության։
-Եթե չմերժվեր հայկական կողմի բողոքը, Արթուր Ալեքսանյանը կհաղթե՞ր։
– Միանշանակ, Արթուրին ևս պետք է ոսկե մեդալ տրվի: Արթուրի կարիերայում սա առաջին դեպքը չէ, երբ անարդար մրցավարությունը խոչընդոտում է նրա հաղթանակը։ Հիշենք` Տոկիո 2021-ը։ Նախկինում այդ դեպքերը անտեսվել են, բայց այս անգամ չպետք է լռենք, դա ստորություն կլինի։ Մարզիկներով միայն հպարտանալը բավարար չէ, պետք է տեր կանգնել նրանց հաղթանակներին։ Եվ այս անգամ պետք է գնալ մինչև վերջ, ու հաղթանակը մերը կլինի։ Սա կօգնի, որպեսզի հետագայում էլ մեր մարզիկները պաշտպանված լինեն։
Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին` Արթուր Ալեքսանյանին` հայկական սպորտի կենդանի լենգենդին, Փարիզից դիմավորեն որպես օլիմպիական չեմպիոնի։ Արթուրն իսկապես հաղթել է, և սա բարոյական հաղթանակների հերթական շարքից չէ։ Եթե այս անգամ էլ մենք մեր մարզիկներին տեր չկանգնենք, ապա կկործանենք սպորտը, ու կկորցնենք պրոֆեսիոնալ մարզիկների»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: