Ռուսաստանի Կուրսկի մարզում արդեն չորս օր է՝ շարունակվում են մարտական գործողությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կուրսկի մարզի սահմանամերձ շրջաններում «շարունակվում է ուկրաինական կազմավորումների ոչնչացման գործողությունը»։
Ըստ ՏԱՍՍ-ի՝ ՌԴ զինված ուժերը կանխել են Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացումը դեպի Ռուսաստանի տարածքի խորքեր։ Նշվում է, որ օգոստոսի 6-ից մարզում շարունակվող մարտերի ընթացքում ուկրաինական ուժերը կորցրել են 945 զինվորականի, 102 միավոր զրահատեխնիկա։
Միևնույն ժամանակ տեղի իշխանությունները հաղորդում են, որ իրավիճակը Կուրսկում մնում է բարդ։ Սուջայի շրջանում բնակչության տարհանման աշխատանքներ են իրականացվում այն ժամանակ, երբ ուկրաինական ուժերի կողմից գնդակոծությունները փոքր-ինչ դադարում են։
Կուրսկի մարզում մարտական գործողությունների հիմնական կենտրոնում է Սուջա քաղաքը, որտեղ գտնվում է դեպի Եվրոպա գազի տարանցման գազաչափման կայանը։
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը Կուրսկի մարզում տիրող դրությունը դասակարգել է որպես դաշնային բնույթի արտակարգ իրավիճակ։
«Ինտերֆաքս»-ը նշում է, որ նման որոշում է ընդունել կառավարական հանձնաժողովն արտահերթ նիստի ժամանակ։ Դաշնային բնույթի արտակարգ իրավիճակի դեպքում տուժածներին և զոհերի ընտանիքներին, ինչպես նաև նյութական վնասներ կրած անձանց համար նախատեսվում է որոշակի ֆինանսական փոխհատուցում։
Ուկրաինայի զինված ուժերն առայժմ չեն մեկնաբանում Կուրսկի մարզում տիրող իրավիճակը։
Իր հերթին BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ ուկրաինական ուժերն ամրապնդվում են մարզի գրավված տարածքներում, իսկ առանձին հատվածներում ընդլայնում են վերահսկողության գոտին։