Հետևեք մեզ։

Սպասվում են խոշորամասշտաբ շինարարական ծրագրեր՝ նոր ատոմակայանի և Ակադեմիական քաղաքի կառուցումը․ Գնել Սանոսյան

19:43, 09 օգոստոս 2024
Սպասվում են խոշորամասշտաբ շինարարական ծրագրեր՝  նոր ատոմակայանի և Ակադեմիական քաղաքի կառուցումը․ Գնել Սանոսյան

Շինարարի օրվան ընդառաջ Քաղաքաշինության կոմիտեն և Հայաստանի շինարարների միությունը համատեղ այսօր կազմակերպել էին միջոցառում, որին ներկա է գտնվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը և շինարարության ոլորտի ներկայացուցիչներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Գնել Սանոսյանը:

 
«Հայաստանում Շինարարի օրը նշվում է ամեն տարի՝ օգոստոսի երկրորդ կիրակի օրը։
 
Ողջունելով ներկաներին և շնորհավորելով շինարարներին մասնագիտական տոնի առթիվ՝ կարևորել եմ ոլորտի, մասնագետների աճն ու անընդհատ զարգացումը ժամանակի պահանջներին համահունչ։
 
Իմ ելույթում արժևորելով շինարության դերն ու նշանակությունը մեր երկրի տնտեսության զարգացման մեջ՝ նշել եմ, որ ամեն տարի ոլորտի առջև նոր խնդիրներ են դրվում՝ հաշվի առնելով երկրում իրականացվող հսկայական շինարարության ծավալները և առաջիկայում սպասվում են խոշորամասշտաբ շինարարական ծրագրեր՝ ինչպիսիք են ՀՀ-ում նոր ատոմակայանի և Ակադեմիական քաղաքի կառուցումը։ Միայն այն փաստը, որ կարող ես ինչ-որ շինության կողքով անցնել ու ասել, որ սա ես եմ կառուցել, հոգեբանորեն մեծ բավականություն է պարգևում, և այդ դրական էմոցիաներն ու հոգեվիճակն ամբողջ կյանքում ուղեկցում են քեզ։
 
Շինարարի օրվա առթիվ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շինարարության բնագավառում նշանակալի գործունեություն ծավալած մի խումբ շինարարների հանձնել է «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալ և Քաղաքաշինության կոմիտեի շնորհակալագիր»։