Հետևեք մեզ։

Նոր մանրամասներ` Վահրամաբերդի եկեղեցու մոտ հնչած կրակոցներից. կասկածյալներից մեկը գյուղապետի եղբայրն է․ shamshyan.com

21:15, 10 օգոստոս 2024
Նոր մանրամասներ` Վահրամաբերդի եկեղեցու մոտ հնչած կրակոցներից. կասկածյալներից մեկը գյուղապետի եղբայրն է․ shamshyan.com

Վահրամաբերդի մոտ տեղի ունեցած կրակոցների հետեւանքով հիվանդանոց տեղափոխվածներից մահացածը Մարմաշեն բնակավայրի բնակիչ 31-ամյա Արաբո Թառլոյանն է, իսկ վիրավորը Մարմաշեն գյուղի բնակիչ 39-ամյա Լևոն Թառլոյան է, ով հիվանդանոց է տեղափոխվել «ձախ սրունք-թաթային հոդի վնասվածք» ախտորոշմամբ։ Հայտնում է shamshyan.com-ը:

Պարզվել է, որ դիակի վրա առկա է կրծքավանդակի դիմացի աջ հատվածի հրազենային վնասվածք։

Ոստիկանները պարզել են նաև, որ նա վնասվածքը ստացել է Վահրամաբերդ բնակավայրի եկեղեցու մոտ տեղի ունեցած վիճաբանության հետևանքով։

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում «սպանություն», «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ օգոստոսի 9-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Վահրամաբերդ բնակավայրի եկեղեցու մոտ մի կողմից Ա․ Թառլոյանի, Լ․ Թառլոյանի և մյուս կողմից Վահրամաբերդ գյուղի բնակիչ 36-ամյա Սարո Հովհաննիսյանի, Գյումրի քաղաքի բնակիչ 37-ամյա Վարազդատ Հովհաննիսյանի և Վահրամաբերդ գյուղի բնակիչ 34-ամյա Զորի Հովհաննիսյանի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Ա․ Թառլոյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Զ․ Հովհաննիսյանին, որից հետո վերջինս իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի միջից վերցրել է 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացանը և կրակոցներ արձակել Ա․ և Լ․ Թառլոյանների ուղղությամբ, ապա «Mercedes»-ով հեռացել է դեպքի վայրից։

Կայքի տեղեկություններով՝ դեպքի վերաբերյալ ոստիկանությունում արդեն բացատրություն է տվել Վահրամաբերդ գյուղի բնակիչ 36-ամյա Սարո Հովհաննիսյանը, ով ականատես է եղել վիճաբանությանը և  նա Վահրամաբերդ բնակավայրի վարչական ղեկավարն է, իսկ նշված սպանության մեջ կասկածյալներից մեկը նրա եղբայրն է։