Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, ծանրորդ Գարիկ Կարապետյանն ամփոփել է Փարիզի Օլիմպիական խաղերում իր գրանցած արդյունքները:
«Գրանցածս արդյունքներից գոհ չեմ: Կարող էի ավելին անել: Մարզումների ընթացքում բարձրացրած քաշերս այստեղ բարձրացնելու դեպքում երրորդը չէ, երկրորդն էլ կարող էի լինել: Այստեղ չստացվեց, բայց հույսս չեմ կորցնում: Պայքարելու եմ` ավելիին հասնելու համար: Չստացվեց Փարիզում, փորձելու եմ Լոս Անջելեսում ոսկուն հասնել»,-«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանը: Վերջինիս խոսքով` իր առաջին Օլիմպիական խաղերում լարվածությունը մեծ չի եղել:
«Օլիմպիական խաղերը իմ ունեցած նախորդ մրցաշարերից շատ է տարբերվում: Այն իսկապես առանձնահատուկ մրցաշար է»,-ասաց ծանրորդը:
Փարիզի «Հյուսիսային Արենա»-ում կայացած ծանրամարտի 102 կգ քաշային ծանրորդների պայքարում` պոկում վարժությունում, Կարապետյանը մեկնարկում հաջող բարձրացրեց 180 կգ և հաջորդիվ երկու փորձից հետո գլխավերևում պահեց 186 կգ: Հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրեց միայն 212 կգ: Նա երկու փորձից գլխավերևում չպահեց 218 կգ: Երկամարտի 398 կգ արդյունքով Գարիկ Կարապետյանը Օլիմպիական խաղերում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: