Հայաստանի ծանրամարտի հավաքականի նախկին անդամ, այժմ Բահրեյնի դրոշի ներքո հանդես եկող Գոռ Մինասյանն ամփոփել է ելույթը Փարիզ-2024-ում և խոսել Վարազդատ Լալայանի ու Լաշա Տալախաձեի հետ մրցակցության մասին:
«Լաշան իսկապես այլևս հինը չէր: Օլիմպիական խաղերից երկու-երեք մրցաշար առաջ արդեն իսկ մենք փորձում էինք հավասարվել և անցնել կիլոգրամներով: Թե հրում վարժությունում, թե պոկումում մրցակցությունն ակնհայտ էր: Նույնիսկ առաջին անգամն էր, որ պոկում վարժությունում նա երկրորդն էր»,- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Մինասյանը:
Վերջինիս հույս հայտնեց, որ վրացական ծանրամարտի լեգենդը չի հեռանա ծանրամարտից առաջիկայում և կամ իրեն, կամ Վարազդատ Լալայանին վերջապես կհաջողվի գերազանցել Տալախաձեին:
«Ես իմ շանսը բաց թողեցի պոկում վարժության երրորդ մոտեցման ձախողման ժամանակ: Եթե այդտեղ հաջողեի, ապա 5 կգ առավելություն կստանայի: Այդ ժամանակ հրում վարժությունում առավել հեշտ կլիներ պայքարելը: Լարվարծություն չկար, սրտի թռթիռով էի սպասում բուն մրցաշարի մեկնարկին և պայքարն էլ առավել քիչ լարվածությամբ անցավ»,-ասաց ՕԽ բրոնզե մեդալակիրը:
Մինասյանն ընդգծեց, որ այս մեդալը, այս նվաճում նվիրում է իր մայրիկին, ում ծննդյան օրն էր նախօրեին:
Անդրադառնալով Վարազդատ Լալայանի հետ մրցակցությանը` Մինասյանն առանձնացրեց, որ պայքարը միայն հարթակին է:
«Ինչպես առաջ էինք միասին մարզվում, այդպես էլ հիմա ենք մարզվում: Մեր կռիվը ծանրաձողի հետ է, իրար դեմ չէ: Ուզում եմ շնորհավորել Վարազդատ Լալայանին առաջին օլիմպիական մեդալի կապակցությամբ: Ցանկանում եմ, որ հաջորդը լինի միայն ոսկե»,-շեշտեց նա: