Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշիանն առաջարկել է Աբբաս Արաղչիի և Ազիզ Նասիրզադեի թեկնածությունները համապատասխանաբար արտգործնախարարի և պաշտպանության նախարարի պաշտոններում։ Այս մասին հայտնում է երկրի նախագահի մամուլի ծառայությունը։
2017-ից 2021 թվականներին Արաղչին աշխատել է որպես արտաքին գործերի փոխնախարար բարեփոխիչ նախագահ Հասան Ռոհանիի կառավարությունում։ Արաղչին երկար ժամանակ գլխավորում էր իրանական պատվիրակությունը միջուկային գործարքի շուրջ բանակցություններում։ Իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ (1980-1988) ծառայել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում։ Ներկայումս նա Իրանի միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի քարտուղարն է։
Գեներալ-մայոր Նասիրզադեն ներկայումս զբաղեցնում է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը։