Հետևեք մեզ։

Ներկայացվել են «Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագրի շրջանակում իրականացված և ընթացիկ ծրագրերի արդյունքները

12:50, 12 օգոստոս 2024
Ներկայացվել են «Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագրի շրջանակում իրականացված և ընթացիկ ծրագրերի արդյունքները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի միջև տեղի են ունեցել համատեղ հանդիպում-քննարկումներ՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող, «Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագրի շրջանակում ներդրվող KPI համակարգի ներդրման աշխատանքների, ինչպես նաև Համաշխարհային Բանկի կողմից իրականացվող այլ աշխատանքների ու ծրագրերի արդյունքների վերաբերյալ։


Միջոցառմանը մասնակցել են Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային Բանկի ներկայացուցիչները։


ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը, ողջունելով ներկաներին բարձր է գնահատել Համաշխարհային Բանկի հետ համագործակցությունը՝ ընդգծելով համատեղ իրականացված բարեփոխումները, այդ թվում՝ էլեկտրոնային համակարգերի թվայնացումը: ՊԵԿ ռազմավարական ծրագրերի իրականացման գործում ՊԵԿ նախագահի տեղակալի խոսքով՝ Համաշխարհային Բանկը ոչ միայն ֆինանսավորում և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում, այլ նաև աջակցում է համակարգերի ներդրմանը` ապահովելով տարբեր երկրներից ներգրավվող մասնագիտական խմբերի մասնակցությամբ միջազգային լավագույն փորձի կիրառումը:


Միջոցառման ընթացքում, Համաշխարհային Բանկի հարկային և մաքսային ծրագրերի համակարգող Անահիտ Բասենցյանը կարևորել է Պետական եկամուտների կոմիտեի համագործակցությամբ իրականացվող ծրագրերն ու արձանագրված արդյունքները։ Նկատելով, որ վերջին երկու տարիները բավականին ծանրաբեռնված էին հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների առումով՝ Համաշխարհային Բանկի ներկայացուցիչը միաժամանակ ընդգծել է, որ ՊԵԿ–ը պատրաստակամ է եղել խորհրդատվության արդյունքների կիրառելիության և շարունակականության ապահովման հարցում:


Միջոցառմանը ներկայացվել են Համաշխարհային Բանկի կողմից իրականացված «Հարկային և մաքսային վարչարարության արդիականացման» ծրագրի, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Առևտրի դյուրացման» ծրագրի, Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագրի արդյունքները, ինչպես նաև ընթացիկ այլ աշխատանքները, մասնավորապես, միասնական հաշիվների, պետական տուրքի հաշվառման ավտոմատացման և դրոշմանիշային վճարի հաշվառման ավտոմատացման ուղղությամբ աշխատանքներն ու արդյունքները։ Քննարկվել են նաև ծրագրերի շրջանակում հարկ վճարողների և ԱՏԳ մասնակիցների շրջանում իրականացված հարցումների արդյունքները:


Հիշեցնենք, որ «Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագիրն ավարտվելու է 2025 թ. մարտին: Ծրագրի հիմնական արդյունքներն ուղղված են մաքսային գործընթացների բարելավմանը, ՊԵԿ կառուցվածքային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, մաքսային վարչարարության նկատմամբ բիզնեսի վերաբերմունքի գնահատմանը: