Հետևեք մեզ։

Նաիրի Հունայանի եղբայրը դիմել է ներում ստանալու խնդրանքով․ «Հրապարակ»

11:03, 13 օգոստոս 2024
Նաիրի Հունայանի եղբայրը դիմել է ներում ստանալու խնդրանքով․ «Հրապարակ»

 «Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Երկարատև ազատազրկման դատապարտված անձանց օրենքը թույլատրում է վաղաժամկետ ազատ արձակել կամ ՀՀ նախագահի հրամանագրով ներում շնորհել` եթե նրանք պատշաճ վարք են դրսեւորել: Սահմանադրության 135–րդ հոդվածի և «Ներման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1 մասով ՀՀ վարչապետը դիմում է ՀՀ նախագահին, եւ նախագահն է վերջնական որոշում կայացնում: Անցած տարի նախագահ Վահագն Խաչատուրյանը ներում է շնորհել 2 անձի: Իսկ վաղաժամկետ ազատ արձակումն իրականացվում է ՔԿՀ-ների, հատուկ հանձնաժողովների եւ դատարանի որոշմամբ:

1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն իրականացնողները պարբերաբար դիմում են վաղաժամկետ ազատ արձակվելու խնդրանքով: Մի քանի տարի առաջ Նաիրի Հունանյանն էր դիմել, հետո նրա եղբայրը` Կարեն Հունանյանը: Անցած տարի հունիսին Կարեն Հունանյանը ներում ստանալու համար դիմել էր ՀՀ նախագահին, սակայն մերժում ստացել:

«Հրապարակի» տեղեկություններով, որ նա կրկին դիմել է ներման խնդրանքով: Արդարադատության նախարարությունն այս անգամ, չգիտես ինչու, ոճրագործության զոհերի հարազատներին, բոլոր տուժողներին նամակներ է ուղարկել` տեղեկացնելով, որ նման դիմում են ստացել Կարեն Հունանյանից: Մենք նման պրակտիկայի մասին չենք լսել, որ տուժողներին նամակներ ուղարկվեն, թե` ձեզ վնասներ պատճառած, ձեր հարազատներին սպանած անձը նման դիմում է գրել` ի՞նչ կարծիքի եք այս մասին:

Մենք կապվեցինք Յուրի Բախշյանի այրու` Անահիտ Բախշյանի հետ, որ տեղեկանանք, թե դա ինչ նամակ է, ինչու են ուղարկել տուժողներին, գուցե նրանց համաձայնությո՞ւնն են հարցնում:

Տիկին Բախշյանը «Հրապարակին» պատմեց, որ օգոստոսի 4-ին ստացել է նշված նամակը և հաջորդ օրն անմիջապես պատասխանել, որ կտրականապես դեմ է Կարեն Հունանյանին ներում շնորհելուն: Բախշյանն ասում է, որ օրենքը թույլ է տալիս ներման կամ վաղաժամկետ ազատ արձակվելու խնդրով դիմել այն ցմահ բանտարկյալներին, ովքեր 20 տարի բանտարկված են և այդ 20 տարիներին դրսևորել են պատճաշ վարքագիծ.

«Այո, նման նամակ ենք ստացել: Որպես այդպիսին նամակը անգամ մեկ էջ էլ չկա, մնացած 7-8 էջը տուժողների անուն-ազգանուններն են: 88 անուն կա այնտեղ նշված: Նամակը ստացել եմ օգոստոսի 4-ին` Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի կողմից: Հաջորդ օրը էլեկտրոնային տարբերակով պատասխանել եմ` որ միանշանակ դեմ եմ Կարեն Հունանյանին համաներում շնորհելուն: Ներման մասին օրենքի համաձայն, այդ անձը ստացել է նման իրավունք: Եթե ցմահ ազատազրկվածը 20 տարի շարունակ բանտում իրեն լավ է պահում, նման իրավունք է ստանում: Չեմ կարծում, որ այս ցուցակից որևէ մեկը կողմ է նրա ներմանը», - ասաց Բախշյանը»:

 

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։