Հետևեք մեզ։

Սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայություն մատուցելու համար պարտադիր է միանալ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ կտրոն

14:55, 15 օգոստոս 2024
Սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայություն մատուցելու համար պարտադիր է միանալ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ կտրոն

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման վերաբերյալ նոր կարգավորումները։

 

Պարտադիր է միանալ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ կտրոն

 

Օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին։ Սեպտեմբերի 1-ից պարտադիր է դառնում նաև մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման ծառայություն մատուցողների համար էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը։ Յուրաքանչյուր պատվերի իրականացման դեպքում ուղևորափոխադրման ծառայություն մատուցողը պարտավոր է պատվիրատուին տրամադրել պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն (բացառությամբ՝ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով ուղևորափոխադրումներին)։ Իսկ այն դեպքում, երբ թեթև մարդատար ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներն իրականացվում են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով, ապա պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնը պատվիրատուին տրամադրում է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը։
Հիշեցնենք, որ էլեկտրոնային հարթակով ուղևորա­փոխադրման ծառայութ­յուն է համարվում էլեկտրոնային եղանակով, այդ թվում՝ համացանցի միջոցով, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ ուղևորների փոխադրման պատվերների ընդունման և փոխանցման ծառայությունների մատուցումը։

 

Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ ձեռք բերել դրա մատուցման իրավունքը

 

Կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն կարող է մատուցել միայն լիազոր մարմնից դրա մատուցման իրավունքը ձեռք բերելու դեպքում, որի համար սահմանված է տարեկան պետական տուրք՝ տարեկան բազային տուրքի (1000 դրամ ) 1000-ապատիկի չափով։ Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը պետք է՝

 

  • ձևակերպված պատվերների վերաբերյալ լիազոր մարմնին և հարկային մարմնին առցանց տրամադրի տվյալների բազայի հասանելիություն,
  • յուրաքանչյուր պատվերի իրականացման դեպքում պատվիրատուին տրամադրի փոխադրման ընդհանուր արժեքի մասին տեղեկատվություն,
  • յուրաքանչյուր պատվերի իրականացման դեպքում պատվիրատուին տրամադրի պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն,
  • հաշվարկի, գանձի և պետական բյուջե վճարի փոխադրման ընդհանուր արժեքից պետական տուրքը՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով և կարգով։

 

Ուղևորափոխադրումներ իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ արտոնագիր և վճարել պետական տուրք
Կազմակեր­պութ­յունների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց կողմից ՀՀ տարածքում թեթև մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների,  ինչպես նաև մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ արտոնագիր։ Օրենսդրական փոփոխություններով սահմանվել են նաև արտոնագրի տրամադրման համար պետական տուրքի նոր դրույքաչափերը։
Կանխիկ դրամով վճարումների դեպքում պետական տուրքը սահմանվել է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝

 

  • 2 տոկոսի չափով՝ 2024 թ․սեպտեմբերի 1-ից
  • 3․5 տոկոսի չափով՝ 2025 թ․ հունվարի 1-ից
  • 5 տոկոսի չափով՝ 2026 թ․ հունվարի 1-ից։
  •  

Իսկ անկանխիկ դրամով վճարումների դեպքում յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝

 

  • 1․5 տոկոսի չափով՝ 2024 թ․սեպտեմբերի 1-ից
  • 2․5 տոկոսի չափով՝ 2025 թ․ հունվարի 1-ից
  • 4 տոկոսի չափով՝ 2026 թ․ հունվարի 1-ից։
  •  

Մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ անհրաժեշտ է ներկայացնել հայտարարություն
Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և ֆիզիկական անձինք մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների գործունեության իրականացման վերաբերյալ հայտարարությունը, ինչպես նաև էլեկտրոնային հարթակով էլեկտրոնային ծառայության միջոցով ձևակերպված պատվերով իրականացված ուղևորափոխադրման համար գանձված և պետական բյուջե վճարման ենթակա պետական տուրքի վերաբերյալ հայտարարությունը հարկային մարմին պետք է ներկայացնեն բացառապես էլեկտրոնային եղանակով՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ։ Իսկ պետական տուրքն անհրաժեշտ է վճարել յուրաքանչյուր ամսվա համար՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ։ 

 

Օրենքը չպահպանելու դեպքում սահմանված են պատասխանատվության միջոցներ

 

Կազմակեր­պութ­յունների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց կողմից սահմանված ժամկետում պետական տուրքի վճարումը չկատարելու դեպքում չվճարված գումարը ենթակա է բռնագանձման՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.075 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին: Իսկ այն դեպքում, երբ ուղևորափոխադրումներն իրականացվում են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով, ապա պետական տուրքի գանձման և պետական բյուջե վճարման համար պատասխանատու են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը։ Չվճարված պետական տուրքի գումարները, ինչպես նաև դրանց համար հաշվարկված տույժերը պետական բյուջե պետք է վճարել լիազորված մարմնի համապատասխան ակտի ամսաթվին հաջորդող 10 օրվա ընթացքում:

 

Միաժամանակ, ՀՀ տարածքում թեթև մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներն առանց արտոնագրի իրականացնելու, ինչպես նաև պետական տուրքի գումարը սահմանված չափից պակաս հաշվարկելու դեպքերում սահմանված է 500 հազար դրամի չափով տուգանք: Իսկ ուղևորափոխադրումն առանց էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կամ դրա կիրառության կանոնների խախտմամբ իրականացնելու դեպքում սահմանված է տուգանք՝ յուրաքանչյուր դեպքի համար 200 հազար դրամի չափով: