Հետևեք մեզ։

Կարգավորվում են աղետի գոտում ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները

15:49, 15 օգոստոս 2024
Կարգավորվում են աղետի գոտում ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները

Կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության Կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 1043-Ն որոշմամբ հաստատված հավելվածում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին: Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառվել են վնասներ, ուստի որոշմամբ առաջարկվում է սահմանել տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցման կարգը: Մասնավորապես, առաջարկվում է տրանսպորտային միջոցի կորստի դեպքում փոխհատուցման ենթակա գումարի չափը, իսկ տրանսպորտային միջոցի վնասվածության դեպքում՝ վնասվածության աստիճանը և դրա հիման վրա փոխհատուցման ենթակա գումարի չափը որոշել ԱՊՊԱ ոլորտում շարժական գույքին պատճառված վնասները գնահատող համապատասխան որակավորված փորձագիտական կազմակերպությունների կողմից կատարված փորձաքննության արդյունքում տրված եզրակացությամբ, որն արժանահավատ փոխհատուցման չափ կերաշխավորի տրանսպորտային միջոցի ձեռքբերման կամ դրա վերանորոգման համար: Ընդ որում, նախատեսվում է, որ փոխհատուցման հիմքում դրվում են այն կազմակերպությունների եզրակացությունները, որոնք փորձաքննություն իրականացնում և եզրակացություն տալիս են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից փորձագիտական ծառայությունների ձեռքբերման շրջանակներում: Միաժամանակ, որոշմամբ կանոնակարգվում են փոխհատուցման հետ կապված կազմակերպչական հարցեր։ Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է կանոնակարգել Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները՝ սահմանելով փոխհատուցման կարգը:

 

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել է, որ այս պահի դրությամբ համայնքային հանձնաժողովներն արձանագրել են 193 տրանսպորտային միջոցներ, որոնք աղետի հետևանքով վնասվել են կամ կորսվել են:

 

Անդրադարձ է կատարվել նաև չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունված ևս մեկ որոշման, որը վերաբերում է Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման միջոցառումներին: Ըստ ընդունված որոշման, Որոշմամբ կարգավորվում են 2024 թվականի մայիսի 25-26-ին ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին միանվագ դրամական աջակցություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները: Որոշմամբ առաջարկվում է հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին միանվագ դրամական օգնության ձևով սոցիալական աջակցություն տրամադրել նաև բնակության համար չնախատեսված շինությունների վնասման համար՝ 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրերի դեպքում՝ ա․ բնակության համար չնախատեսված փաստացի օգտագործած 5 և ավելի քառակուսի մետր մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 200 000 դրամի չափով, բ․ բնակության համար չնախատեսված փաստացի օգտագործած մինչև 5 քառակուսի մետր մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 50 000 դրամի չափով: 2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում՝ ա․ բնակության համար չնախատեսված փաստացի օգտագործած 5 և ավելի քառակուսի մետր մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 150 000 դրամի չափով, բ․ բնակության համար չնախատեսված փաստացի օգտագործած մինչև 5 քառակուսի մետր մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 50 000 դրամի չափով։ Ընդ որում, որոշման շրջանակում բնակության համար չնախատեսված շինություն է համարվում տնային տնտեսությունների կենսաապահովման և կենսագործունեության համար նախատեսված շինությունը՝ ավտոտնակները, այգետնակները, խորդանոցները, անասնագոմերը, մառանները, ջերմոցները, տաղավարները, խոզաբունները, հավաբունները, վագոն-տնակները և այլն։