Հետևեք մեզ։

Ինչով է տարբերվել հուլիսը վերջին 57 տարվա դիտարկումների պատմության մեջ

23:07, 15 օգոստոս 2024
Ինչով է տարբերվել հուլիսը վերջին 57 տարվա դիտարկումների պատմության մեջ

Հուլիսն ամենախոնավն էր վերջին 57 տարիների դիտարկումների պատմության մեջ:  Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Իրականցված դիտարկումների համաձայն՝ այս տարվա հուլիսին դիտված տեղումների քանակն ավելի քան 190%-ով գերազանցել է տվյալ ամսվա նորման։

Հուլիսին դիտված տեղումների միջին քանակը Հայաստանում կազմել է 84․4մմ, որն իր ծավալով յոթերորդն է՝ սկսած 1935 թվականից և ամենաշատն է՝ 1965 թվականի հուլիսից հետո։

Անձրևներ են դիտվել ամսվա բոլոր տասնօրյակներին։ Տեղումների քանակը համեմատաբար սակավ է եղել հուլիսի երկրորդ տասնօրյակում, իսկ երրորդ տասնօրյակը ամենատեղումնառատն էր։

Օդի ջերմաստիճանը հուլիսին նորմայի սահմաններում էր՝ փոքր-ինչ դրական շեղումներով։ Տեղումների ամսական քանակը ավելի էր նորմայից Հանրապետության տարածքի մեծ մասում, իսկ Արարատյան դաշտում, Տավուշում և Գեղարքունիքում տեղումների ամսական քանակը տեղ-տեղ գերազանցել է նորման 2-3 անգամ։ Առանձին օրերի հորդառատ անձրևներ են տեղացել Տավուշի, Լոռվա և Կոտայքի մարզերում՝ մի քանի ժամվա ընթացքում՝ 30-44մմ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները