«Հրապարակ» օրաթերթը գրում է.
««Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն արդեն հայտարարել է սեպտեմբերին նոր թափով պայքարը շարունակելու եւ ակտիվանալու մասին։
Մինչ այդ շարժման ակտիվը ցանկանում է մեծ հավաք անցկացնել` շարժման 10 հազար ակտիվիստների մասնակցությամբ, քննարկել արած-չարածը, առաջիկա անելիքները ու նոր մարտավարությամբ` վերսկսել շարժումը:
Իսկ այդքան մարդու մի հարկի տակ հավաքելը դժվար է, ուստի դիմել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենությանը, բայց նախկինների հետ սերտորեն աշխատած «Կզոն»` Կարեն Կազարյանը, ով «Շարմ» հոլդինգի տնօրենն էր մինչեւ ՄՀՀ տնօրեն նշանակվելը, մերժել է ընդդիմությանը դահլիճ տրամադրել:
«Չեն տրամադրում, ասում են` զբաղված է, տարբեր հիմար պատճառաբանություններ են բռնում, որ չտան։
Ակտիվի հավաքում նպատակ ունենք ամփոփել ամբողջ կատարված աշխատանքը, ապագա անելիքները քննարկենք Մեր խնդիրն այն է, որ ցույցերի մասնակիցները ակտիվ ներգրավվեն ամբողջ պայքարի ընթացքում, դրա համար կարեւոր էր, որ Համալիրի դահլիճը տրամադրեին, մենք այս առումով կարեւոր ասելիք ունենք», մեզ հետ զրույցում նշեց շարժման նախաձեռնողներից պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Հարցին՝ եթե չտրամադրեն, ապա հավաքը չի՞ կայանա, նա պատասխանեց, որ այլընտրանքային տարածքներ են դիտարկում, սակայն շատերը վախենում են իշխանությունների ճնշումներից եւ հրաժարվում են տարածք տրամադրել: Գառնիկ Դանիելյանը հրաժարվեց հնչեցնել մերժողների անունները»։
Մանրամասները` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: