Հետևեք մեզ։

ՆԳՆ-ն առաջարկում է նախարարության պաշտոնյաների գործուղումները նախապես չհամաձայնեցնել ԱԳՆ-ի հետ՝ «տեղեկատվության արտահոսքից զերծ մնալու համար»

10:55, 25 ապրիլ 2023
ՆԳՆ-ն առաջարկում է նախարարության պաշտոնյաների գործուղումները նախապես  չհամաձայնեցնել ԱԳՆ-ի հետ՝ «տեղեկատվության արտահոսքից զերծ մնալու համար»

ՀՀ Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություն իրականացնել «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 1230-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման մեջ:

 

Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ՀՀ ներքին գործերի նախարարությունում ծառայությունում պաշտոն զբաղեցնող անձանց գործուղումներն իրականացնել առանց նախապես չհամաձայնեցնելու ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ՝ ծառայողական առանձնահատկություններով պայմանավորված:

 

Միևնույն ժամանակ, Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի զերծ մնալ տեղեկատվության արտահոսքից՝ էտապավորվող և ուղեկցող անձանց անվտանգության նկատառումներից ելնելով:

 

«Տվյալ գործընթացը, մասնավորապես՝ օտարերկրյա պետության տարածքում հանցագործությունների բացահայտման և հետախուզվողների հայտնաբերման  նպատակով օպերատիվ խմբերի գործուղումները կոնկրետ երկիր հաճախակի իրականացվում են ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, որոնք կրում են գաղտնի բնույթ և դրանց հանրայնացումը հղի է լուրջ վտանգներով՝ տեղեկատվության արտահոսքով, տեղեկատվության աղբյուրի  բացահայտմամբ և այլ ծանր հետևանքներով:

 

Հետախուզման մեջ գտնվող  անձանց օտարերկրյա պետություններում՝ տեղի իրավապահ մարմինների հետ համատեղ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը նույնպես կրում է գաղտնի բնույթ և գրեթե մշտապես իրականացվում  է օպերատիվ տեղեկությունը ստանալուց հետո սեղմ ժամկետներում, որի հետաձգումը կարող է հանգեցնել ստացված տեղեկության արդիականության կորստին:

 

Բացի այդ, արդեն իսկ օտարերկրյա  պետության տարածքում հայտնաբերված և ձերբակալված  հետախուզվող անձին ՀՀ էքստրադիցիայի /էտապավորում/ ենթարկելիս նրա տվյալների և գործուղման գործընթացի հրապարակումը կարող է հանգեցնել տեղեկատվության արտահոսքի և լուրջ վտանգներ կստեղծի ինչպես  գործուղված անձանց, այնպես էլ ՝ տվյալ անձի համար /օրինակ՝ սպանություն կատարելու մեղադրանքով հետախուզվող անձին ՀՀ էտապավորելու տեղեկատվությունը հանրայանացնելու դեպքում, չի բացառվում այդ տեղեկատվության հասանելությունը տուժող կողմին, ինչը կարող է հանգեցնել հաշվեհարդարի իրականացմանը/:

 

Ելենով վերոգրյալից՝ հանցագործությունների բացահայտման, օտարերկրյա պետությունների տարածքում թաքնվող անձանց հայտնաբերելու, հետագայում նրանց ՀՀ էքստրադիցիայի ենթարկելու նպատակով իրականացվող գործուղումները հանրայանացնելու և այն նախապես որևէ այլ գերատեսչության հետ համաձայնեցումը գտնում ենք ոչ նպատակահարմար՝ գործնականում  դրա կիրառելիության անհնարինության, տեղեկատվության արտահոսքի վտանգի և էտապավորվող անձի, ինչպես նաև՝ ուղեկցող անձանց  անվտանգության նկատառումներից ելնելով»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

 

Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի ՀՀ ներքին գործերի նախարարությունում ծառայությունում պաշտոն զբաղեցնող անձանց գործուղումները նախապես չհամաձայնեցնել ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ՝ ծառայողական առանձնահատկություններով պայմանավորված, ինչպես նաև հնարավոր կլինի զերծ մնալ տեղեկատվության արտահոսքից՝ էտապավորվող և ուղեկցող անձանց անվտանգության նկատառումներից ելնելով:

Վերլուծական