Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի ազգային հերոս Տիգրան Իզմիրլյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա Հայաստանի ազգային հերոս, մեծանուն բարերար Տիգրան Իզմիրլյանի մահվան մասին:
Պարոն Իզմիրլյանի գլխավորությամբ «Իզմիրլյան» հիմնադրամը Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր: Հայաստանի անկախությունից ի վեր Տիգրան Իզմիրլյանն իր նախաձեռնություններով եղել է Հայաստանի Հանրապետության հանդեպ սիրո արտահայտման վառ օրինակ՝ նպաստելով մեր երկրում կրթության, առողջապահության ու այլ բնագավառների զարգացմանը:
Տիգրան Իզմիրլյանի գործունեությանն արժանին մատուցելու եւ մեր գնահատանքն արտահայտելու նպատակով այս տարի նրան շնորհվեց Հայաստանի բարձրագույն պարգեւը՝ Հայաստանի ազգային հերոսի կոչումը: Տիգրան Իզմիրլյանը հավերժ կմնա հայ ժողովրդի արժանի զավակ:
Իմ ցավակցություններն եմ հայտնում Իզմիրլյանների ընտանիքին, հարազատներին եւ գործընկերներին՝ այս դժվար պահին մաղթելով նրանց ուժ եւ համբերություն»:
Նշենք, որ Տիգրան Իզմիրլյանին Հայաստանի ազգային հերոսի կոչում շնորհվել էր այս տարվա ապրիլին: