Հետևեք մեզ։

Ովքե՞ր են ԱՕԿՍ-ի շենքի վարձակալները. Hetq.am

19:23, 19 օգոստոս 2024
Ովքե՞ր են ԱՕԿՍ-ի շենքի վարձակալները. Hetq.am

ԱՕԿՍ-ի շենքը վարձակալել են գործարար եղբայրներ Հայկ եւ Ղուկաս Խաչատրյանները: Այս մասին հայտնում է Hetq.am–ը։

«Հիշեցնենք, որ Կառավարությունն այս տարվա հունիսի 6-ին որոշել էր 10 տարով վարձակալության հանձնել Աբովյան 3 հասցեի շենքի (ԱՕԿՍ) 651,6 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը: Պետությանը վերադարձված շենքն ու դրա զբաղեցրած հողամասը 2023 թ. նոյեմբերին ամրացվել են Պետգույքի կառավարման կոմիտեին:

ԱՕԿՍ-ի շենքի ընդհանուր տարածքը 701,4 քմ է, սակայն վարձակալության մրցույթի է ներկայացվել դրանից 651,6 քմ-ն (1-3-րդ հարկեր), քանի որ շենքի 49,8 քմ մակերեսով նկուղային տարածքը կից է «Թիֆլիս» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Աբովյան 3 շենք թիվ 1 շինություն հասցեին, ու «Թիֆլիսը» դիմել է ՊԳԿ-ին՝ այդ նկուղային տարածքը վարձակալելու խնդրանքով:  

Օգոստոսի 17-ին Պետգույքի կառավարման կոմիտեն (ՊԳԿ) հայտարարեց, որ պետությանը վերադարձված Աբովյան 3 հասցեի շենքի վարձակալության մրցույթում հաղթող է ճանաչվել «Զեթ ընդ Էյ» ՍՊԸ-ն, որն առաջարկել է 16,2 մլն դրամ ամսական վարձավճար: ՊԳԿ-ն վարձակալության մեկնարկային գին էր հայտարարել 15,4 մլն դրամը:

Կոմիտեն հայտնել է, որ վարձակալողը նախատեսում է 2 տարում իրականացնել 1 մլրդ 170 մլն դրամի ներդրում։ Ըստ վարձակալության նախագծի՝ ԱՕԿՍ-ի շենքում են միավորվելու բարձր արվեստն ու նորաձեւությունը։ Ներդրումային ծրագրի տեսլականն է՝ Երեւանը դարձնել նորաձեւության համաշխարհային կենտրոններից մեկը՝ ստեղծելով բացառիկ համալիր, որտեղ միաժամանակ կներկայացվեն համաշխարհային ու հայկական արվեստի լավագույն նմուշները։ Տարածքում գործելու է ցուցասրահ, զարգացման արվեստանոց, «Red Book» եւ դասական սրճարաններ։ ՊԳԿ-ի տեղեկացմամբ՝ մրցույթի հաղթողին որոշելու համար հաշվի են առնվել անշարժ գույքի համար առաջարկվող ամսական վարձավճարն ու իրականացվելիք ներդրումների չափը։

«Զեթ ընդ Էյ». հագուստի խոշոր ներկրողը

2005 թ. Երեւանում հիմնադրված «Զեթ ընդ Էյ» ՍՊԸ-ն (Z&A) պատկանում է գործարար եղբայրներ Հայկ եւ Ղուկաս Խաչատրյաններին: Հայկը Կանադայի քաղաքացի է, Ղուկասը՝ Կարիբյան ծովում գտնվող Սենթ Քիթս եւ Նեւիս պետության: Ընդ որում՝ հայկական ընկերության անմիջական սեփականատերը Կանադայում գրանցված Nork Capital Management Inc. ընկերությունն է, որն էլ 50-50 համամասնությամբ պատկանում է եղբայրներին:

Հայկ Խաչատրյան

«Զեթ ընդ Էյ»-ը հագուստի արտասահմանյան հայտնի ապրանքանիշերի ներկրող ու վաճառող է, այդ թվում՝ Ermenegildo Zegna, Emporio Armani, Burberry, Marc Jacobs, Red Valentino, OVS, Coincasa, Polo Ralph Lauren:

2024 թ. հունվար-հունիս ժամանակահատվածում «Զեթ ընդ Էյ» ՍՊԸ-ն Հայաստանի 1000 խոշոր հարկատուների մեջ եղել է 560-րդը: Ընկերությունը 6 ամսում վճարել է 304,5 մլն դրամ հարկ, որի 77 տոկոսը հավաքագրել են մաքսային մարմինները (սա տրամաբանական է, քանի որ այն զբաղվում է ներկրումներով):

Հագուստեղենի այլ ընկերություններ

Խաչատրյաններին է պատկանում նաեւ 2012-ին հիմնադրված երեւանյան «Իսոլա» ՍՊԸ-ն, որն, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է հագուստի մանրածախ առեւտրով: Այն եւս Nork Capital Management Inc.-ի միջոցով հավասարաչափ պատկանում է եղբայրներին: «Իսոլան» այս տարվա առաջին կիսամյակում եղել է 224-րդ հարկատուն՝ վճարելով 697 մլն դրամ հարկ:

2020-ին Երեւանում հիմնադրվել էր «Պան Եուրոփիան Ֆեշն Գրուպ» ՍՊԸ-ն (Pan European Fashion Group), որի սեփականատերը հունգարական Nork Holding ընկերության միջոցով Ղուկաս Խաչատրյանն էր: Երեւանյան ընկերությունը հետագայում լուծարվել է:

Ղուկաս Խաչատրյան

2023 ու 2024 թթ. էլ կրկին Երեւանում գրանցվել են «Յութու Ռիթեյլ Գրուպ» (Yooto Retail Group) եւ «Յութու Սթորս» (Yooto Stores) ՍՊԸ-ները: Սրանք եւս կանադական Nork Capital Management Inc.-ի միջոցով հավասարաչափ պատկանում են եղբայրներին: Երկու ընկերություններն էլ, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում են ինտերնետով կամ փոստով ապրանքների մանրածախ առեւտրով: Սրանք ներկայացնում են yooto.online հագուստի առեւտրի հարթակը, որի հասցեն Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում է ու համընկնում է Nork Holding-ի հասցեին, եւ «Yooto» խանութը: 

Հայկ եւ Ղուկաս Խաչատրյանները, սակայն, միայն հագուստի ներմուծմամբ ու առեւտրով չէ, որ զբաղվում են:

Ձավարեղեն

Նրանց է պատկանում «Մառանիկ» ՍՊԸ-ն (2003 թ.), որն զբաղվում է ձավարեղենի եւ համեմունքների ներկրմամբ, փաթեթավորմամբ ու վաճառքով: Այս ընկերությունում եւս Խաչատրյաններն իրենց մասնակցությունն ապահովում են կանադական Nork Capital Management Inc.-ի միջոցով: 2024 թ. առաջին կիսամյակում «Մառանիկը» նույնպես եղել է 1000 խոշոր հարկատուների ցանկում: Ընկերությունը վճարած 167 մլն դրամ ընդհանուր հարկերով 960-րդն էր:

Շինանյութ եւ սանտենիկա

Խաչատրյան եղբայրները միասին 27 տոկոս ներկայություն ունեն 2001-ից գործող «Իմէքս Գրուպ» ՍՊԸէ տեխնիկական ծառայությունների մատուցմամբ»,-գրում է լրատվամիջոցը: 

 

Մանրամասները՝ Hetq.am-ում։