Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացված վճիռը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով։ Պրոբացիոն ծառայությունը գրություն է ուղարկել ավագանուն Առուշանյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ, սակայն ավագանին նման լիազորություն չունի։ Դատարանի՝ պաշտոնավարումը դադարեցնելու որոշումն ընտրովի պաշտոնների համար կիրառելի չէ։
Այս մասին Hayastan.news-ի հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։
«ՀՀ-ում յուրաքանչյուր մարմին պետք է առաջնորդվի Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններով, եթե Գորիսի ավագանին չունի նման լիազորութուն, հիմք չկա, որ վարչական ղեկավարին ազատի, Պրոբացիոն ծառայությունը դիմում է, որ ազատի, ապօրինություն անի՞ ավագանին։ Կամ՝ Պրոբացիայի ղեկավարը, որը դիմում է, սա ի՞նչ է, օրենքը չգիտի, թող գնա՝ կարդա, եթե կարդում է ու չի հասկանում, ուրեմն չպիտի զբաղեցնի այն պաշտոնը, որը զբաղեցնում է»,-ասաց Մելքոնյանը։
Դիտարկմանը, թե սա նույն իրավիճակն է, ինչ Մասիսի քաղաքապետի դեպքում, երբ կար որոշ՛ում, սակայն նրա լիազորությունները չդադարեցվեցին, Մելքոնյանն ասաց՝ այո, և ոչ միայն նրա դեպքն է այդպիսին․ «Մարտունու գյուղապետերից մեկի վերաբերյալ ևս որոշում կար, սակայն կա օրենքի բաց, նրանց լիազորությունները չեն դադարում, ավագանին նման լկիազորություն չունի»։
Հիշեցնենք՝ ՀՀ արդարադատության նախարարության խոսնակ Նորայր Շողիկյանը հայտնել էր, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հրավիրվել է ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության գրասենյակ, ներկայացել է հաշվառման։ Նրան տրվել է դատական երեք ակտ, ըստ որի՝ նա տուգանվել է 700 հազար դրամով, պետք է անցնի 1,6 տարի փորձաշրջան, 5 տարի չի կարող զբաղեցնել պետական պաշտոններ։
Քրեական գործը, որի շրջանակներում մեղավոր է ճանաչվել Առուշանյանը, վերաբերվում է «պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինքնիրավչությանը, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելուն»։