Չկասկածեք, որ առաջարկը կքննարկվի, եթե հնարավոր լինի, կտանք լուծումներ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի առաջարկին՝ կազմել քննիչ հանձնաժողով իր և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ:
«Նա պաշտպանության նախարար է եղել, մենք իրեն հարցեր ունենք, իր պաշտոնավարման ընթացքի վերաբերյալ շատ հարցերի պատասխաններ պետք է ստանանք իրենից»,- ասաց Քոչարյանը:
Անդրադառնալով Արցախում ստեղծված իրադրությանը և պատասանելով հարցին՝ ի՞նչ են անում ՀՀ իշխանությունները այս առնչությամբ, Քոչարյանը պատասխանեց. «1990 թվականին նույն վիճակն էր, բայց այդ վիճակը զարգացավ և մեր ազգաբնակչության անվտանգային խնդիրները լուծվեցին, ունեցանք 1994 թվականի հրադադարը»:
Դիտարկմանը՝ այն ժամանակ բուն պատերազմական գործողություններ էին, հիմա և՞ս պատերազմական փուլի մեջ ենք մտնում, պատգամավորը նախ ասաց, որ պետք է օգտագործենք հնարավորությունները և խուսափենք պատերազմից, և դիտարկմանը, որ Արցախում մարդիկ բլոկադայի մեջ են, շարունակեց. «Այդ պայմաններում էլ պետք է կարողանանք ապրել և մտածել ազատագրվելու մասին»:
Խոսելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու և այդպիսով Հայաստանի՝ Արցախի հետ ունեցած վերջին ճանապարհի փակման մասին՝ Քոչարյանը նշեց. «Դուք տեղյակ էի՞ք այդ ճանապարհից: Այդ ճանապարհն այնուամենայնիվ օգտագործվում էր: Էնքան խոսեցիք, որ պետք է փակվեր: Միշտ հարց էիք տալիս՝ ոնց գնացին, հասան Արցախ: Բոլոր փակ ճանապարհները մի օր բացվում են, եթե չկա հասկացվածություն, մի օր էլ փակվում են»:
Հարցին՝ ինչպես է տեսնում խնդրի լուծումը, Քոչարյանը պատասխանեց. «Համբերատար, միասին, բոլորս միասին, այո, 4 ամիս է, բլոկադաները նաև երկար էլ են տևում»:
Խոսելով ՀՀ սահմանային հատվածներում գրանցվող միջադեպերի մասին՝ Անդրանիկ Քոչարյանը ասաց. «Մենք էլ ենք կրակում, ով մեզ կրակում է... Ամենակարևորը եկեք արձանագրենք. այն ինչ մերն է, մերն է, այսօր եթե իրենք կրակեն, մենք կկրակենք, առաջ իրենք կրակում էին, մենք չէինք կրակում, իրենք գալիս էին, մենք լքում էինք տեղերը: Եկեք լինենք կառուցողական մեր բանակի շուրջ»:
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ