Օգոստոսի 21-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և Ազգային Ժողովի պատգամավոր Ալխաս Ղազարյանն այցելել են Սևան՝ հետևելու Ջրային պարեկների ընդլայնված վերապատրաստման երկրորդ փուլին։
ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ԻՍԻԹԱՓ ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ից ժամանած փորձագետ Քեն Հեթը ներկայացրել է Ջրային պարեկների վերապատրաստումների վերաբերյալ մանրամասներ, անդրադարձել ռիսկային պայմաններում նավավարման հմտությունների, փրկարարական օգնության, լողամիջոցների շահագործման կանոնների պահպանման ուղղությամբ անցկացված պարապմունքներին, գրանցված արդյունքներին։
«Ծանոթացանք ջրային պարեկների վարժանքներին և նախապատրաստությունը։ Կարող եմ վստահեցնել, որ բավական պրոֆեսիոնալ մարդկանց հետ են աշխատում։ Ներկա գտնվելով և դիտելով ծառայության անցկացումը առավել վստահություն եմ զգում ջրային պարեկների նկատմամբ։ Շատ ուրախ եմ, որ մենք այսօր արդեն ունենք նման պատրաստված անձնակազմ»,- ասել է ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը։
Փորձագետները կտրամադրեն համապատասխան զեկույց, որի հիման վրա կնախանշվեն առաջիկա վերապատրաստման մեթոդները` տարբեր ուղղություններով:
«Այս մասնագիտական պարապմունքները պարբերական բնույթ պետք է կրեն, որպեսզի ջրային պարեկներն առավել հմուտ և պրոֆեսիոնալ կարողանան իրականացնել իրենց ծառայությունը»,- ասել է ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանը։
Ընդ որում, ԱՄՆ գործընկերները ոչ միայն իրենց փորձն են փոխանցում ջրային պարեկներին, այլև պատրաստում են մարզիչներ, որոնք հետագայում կվերապատրաստեն տեղի ծառայողներին։
«Կարևորում եմ կրթական գործընթացում առկա կարողությունների ինստիտուցիոնալացումը։ Լավ և շարունակական կրթությունը պետք է ապահովի այն անձնակազմը, որը տեղում է, մշտական է, կայուն է, և կարող է տարբեր փորձի փոխանակումների արդյունքում կատարելագործել իր հմտությունները»,- ասել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Օգոստոսի 19-ին մեկնարկած վերապատրստմանը մասնակցել է 32 ջրային պարեկ, որոնք ծառայությունը կշարունակեն ավելի բարձր պատրաստվածությամբ: