Լաչինի ճանապարհի նոր անցակետի մոտ Ադրբեջանը տեղեկատվական վահանակ է տեղադրել:
Վահանակի վրա ադրբեջաներեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով գրված է. «Ուշադրություն, Դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք»:
Նշենք, որ ապրիլի 23-ին Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող Լաչինի միջանցքի մուտքի մոտ տեղադրվել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության անցակետ։
Ադրբեջանական կողմի հաղորդմամաբ՝ այս մասին տեղեկացվել են Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը և Թուրք-ռուսական միացյալ մոնիտորինգի կենտրոնը, հաղորդում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը։
Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն տարածեց, որում նշում էր. «Հայկական կողմը Պրահայի և Սոչիի հանդիպումների արդյունքում ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ելնելով դրանից՝ պետք է ընդունի Ադրբեջանի՝ իր տարածք մուտքն ու ելքը վերահսկելու իրավունքը»:
Լաչինի միջանցքում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական կողմը Ադրբեջանի այս քայլը որակել է «միակողմանի և չհամաձայնեցված»:
Նշենք նաև, որ ՀՀ-ն պատրաստվում է անցակետի հարցով դիմել Արդարադատության միջազգային դատարան: