Հետևեք մեզ։

Ինչ ունեցվածք է հայտարարագրել ԱԽՔ Արմեն Գրիգորյանը. «Ժողովուրդ»

09:55, 23 օգոստոս 2024
Ինչ ունեցվածք է հայտարարագրել ԱԽՔ Արմեն Գրիգորյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոնին նշանակվել է 2021 թվականի օգոստոսի 19-ին, սակայն մինչ այդ նա 2015-ից 2018 թվականներին եղել է հրավիրյալ դասախոս Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, միևնույն ժամանակ նույն թվականներին եղել է ընտրական ծրագրերի համակարգող Transparency International հակակոռուպցիոն հասարակական կազմակերպությունում:

 

Գրիգորյանը անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի մասին հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի մայիսի 31-ին, որից տեղեկանում ենք, որ նա 2020 թվականին գնման եղանակով Արաբկիր վարչական շրջանում ձեռք է բերել բնակարան բազմաբնակարան շենքում, ինչը հաշվետու տարվա վերջում պահպանվել է:

 

Անվտանգության խորհրդի քարտուղարը, որպես տրանսպորտային միջոց, հաշվետու տարվա սկզբում հայտարարագրել է 2005 թվականի արտադրության Lexus մակնիշի ավտոմեքենա, ինչը տարվա ընթացքում վաճառել է 7 մլն 350 հազար դրամով: Գրիգորյանը հաշվետու տարվա վերջում հայտարարագրել է 2020 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 11 մլն 500 հազար դրամով:

 

Նրա բանկային հաշիվների մնացորդը հաշվետու տարվա սկզբում կազմել է 908 հազար դրամ, ինչը տարվա վերջում ավելացել է` դառնալով 978 հազար դրամ: Գրիգորյանի` ստացված վարկի մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 46 մլն 209 հազար դրամ, որը բնակարանի ձեռքբերման հիփոթեքի գումարն է, իսկ փոխառության մնացորդի չափը նույն ժամանակաշրջանում կազմել է 4 մլն 204 հազար դրամ:

 

Հաշվետու տարում վարկի մարմանը ԱԽՔ քարտուղարն ուղղել է 6 մլն 775 հազար դրամ: Արմեն Գրիգորյանի` հաշվետու տարվա եկամուտը կազմել է 32 մլն 816 հազար դրամ, որից 22 մլն 859 հազար դրամը վարչապետի աշխատակազմից ստացած գումարն է, 5 մլն 456 հազար դրամը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացած գումարը, և 4 մլն 500 հազար դրամը «Ամերիաբանկ»-ի կողմից ստացած փոխառության (վարկ) գումարն է եղել:

 

Հարկ է նշել, որ ՀՀ ներկայիս անվտանգության խորհրդի քարտուղարի կենսագրությունից նկատում ենք, որ նա, մինչև պաշտոնը զբաղեցնելը, բացի դասախոս և ՀԿ-ի ծրագրերի համակարգող լինելուց՝ որևէ այլ պաշտոն չի զբաղեցրել և կարիերայի «պիկին» հասել է 2021 թվականին»։

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։