Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ.
«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
1990թ. օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը: Այս փաստաթղթով Հայաստանի ժողովուրդն ի լուր աշխարհի բարձրաձայնեց անկախ պետություն ունենալու իր ցանկության մասին եւ արձանագրեց իր կամքը:
Անկախության հռչակագրին հղումը հետագայում՝ 1995 թվականին, տեղ գտավ եւ մինչեւ օրս առկա է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանում:
Բայց, ի հեճուկս ամենատարբեր մեկնաբանությունների, սա չի նշանակում, թե Անկախության հռչակագրի ողջ բովանդակությունը ներառված է ՀՀ Սահմանադրության մեջ եւ այս երկու փաստաթղթերի բովանդակությունը նույնական են:
Դրա ամենավառ ապացույցը Հռչակագրի 5-րդ հոդվածն է, որտեղ ասվում է. «Հայաստանի Հանրապետությունն իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ»:
Չնայած Հռչակագրի նման ձեւակերպմանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ՀՀ Զինված ուժերը, Ոստիկանության զորքերը, պետական եւ հասարակական անվտանգության մարմինները երկրի խորհրդարանին չեն ենթարկվում, այլ մինչեւ 2015թ. սահմանադրական փոփոխությունը ենթակա են եղել երկրի Նախագահին, իսկ 2018թ. ապրիլից հետո՝ Կառավարությանը:
Սա ուղղակիորեն եւ աներկբա ի ցույց է դնում, որ ՀՀ Սահմանադրության մեջ արտահայտված են Անկախության Հռչակագրի միայն այն դրույթները, որոնք արտահայտված են ուղղակի, բառացի եւ տառացի, եւ որեւէ այլ մեկնաբանություն պարզապես պատեհ չէ:
Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը, մեր ինքնության եւ ինքնուրույնության պահպանման անփոխարինելի ինստիտուտներն են, եւ 1990թ․ օգոստոսի 23-ին մենք այդ ինստիտուտների եւ գաղափարաբանության հետ առնչվելու առաջին փորձն արեցինք՝ երկարատեւ դադարից հետո։ Անկախության ու պետականության մասին մեր բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատկերացումները եւ ընկալումներն այդ ժամանակներից ի վեր էականորեն փոխվել են, եւ ինձ համարձակություն կվերապահեմ պնդելու՝ դարձել ավելի խորը եւ համապարփակ:
Անկախությունը, պետականությունը, քաղաքացիությունը մտածողության բոլորովին ուրիշ բանաձեւեր են, բոլորովին ուրիշ հարթություններ, եւ մենք ոտք ենք դնում այդ հարթությունների վրա, որդեգրում ու զարգացնում ենք այդ բանաձեւերը՝ հենց այսօր, հենց հիմա:
Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Շնորհավորում եմ բոլորիս օգոստոսի 23-ի առիթով եւ բոլորիդ հղում վերջերս իմ գրած «Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն» բանաստեղծությունը․
Մենք քեզ ուզում ենք տեսնել երջանիկ,
Բայց պիտի տեսնե՛նք քեզ դրա համար:
Մեր հայացքները՝ հեռու քեզանից
Հայրենիքներ են փնտրել անդադար։
Մենք ուզում ենք քեզ տեսնել երջանիկ,
Բայց պիտի տեսնենք՝ Հայաստանն ես իսկ,
Մե՛զ պիտի ուզենք տեսնել երջանիկ,
Քեզանով, քեզնում, անբաժան քեզնից։
Քեզ պարտավոր ենք դարձնել երջանիկ,
Ժպիտը դեմքիդ, լացերդ պարպած,
Հոգեհանգստի տոչորող տանից
Դուրս եկած կյանքի՝ աչքերով մեր թաց։
Եւ քո ապրելը պիտի հավերժի,
Մեր սիրո աղբյուր, մեր հույսի պատվար։
Երջանկությունն է քո տունը վերջին,
Հայրենիք մեր հին, պետություն մեր հար։
Դու այն ամենն ես ինչը որ մենք կանք,
Մեր իղձերը քեզ չեն լքի կրկին,
Չէինք կորցրել քեզ, բայց նորից գտանք,
Պետություն մեր հար, հայրենիք մեր հին»: