Ռուսական «Կովկաս» նավահանգստում հրթիռային գրոհի հետևանքով խորտակված լաստանավում հայկական ծագման կամ Հայաստանի համար նախատեսված բեռներ չեն եղել:
Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Գերատեսչությունում նշել են նաև, որ ռուսական լաստանավի կործանումը որևէ կերպ չի անդրադառնա Հայաստանի տնտեսության վրա:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ օգոստոսի 22-ի ցերեկը ուկրաինական զինուժը Storm Shadow թևավոր հրթիռով հարվածել է ՌԴ Կրասնոդարի երկրամասում գործող «Կավկազ» նավահանգստին, որտեղ գտնվող «Ակվատրեյդեր» լաստանավը բռնկվել ու կարճ ժամանակ անց խորտակվել է: Այն տեղափոխում էր 30 բաք վառելիք: Բռնկված հրդեհի ճիրաններում է հայտնվել մոտ 500 քառակուսի մետր տարածք: Նավահանգստին պատճառվել է զգալի վնաս: