Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեկ անգամ չէ, որ աչքի է ընկել ընդդիմադիր հայացքներով, քաղաքական կեցվածքով․ այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին Աջապահյանի վերջին քննադատությանը։
«Միքայել Աջապահյանն առիթը բաց չի թողնում քաղաքական խոսույթով քննադատել ընտրված իշխանություններին, արդեն քանի օր է նորից քաղաքական խոսույթով քննադատում է վարչապետի հայտարարությունը՝ հնչեցնելով վիրավորական արտահայտություններ երկրի ընտրված ղեկավարի հասցեին։ Ասում է, որ այս իշխանությունները պատիժ են և երկիրը գցել են անդունդը ու ավելացնում է, որ նախկին իշխանությունները ևս Աստծուց էին ու եկեղեցին հաշտ էր նրանց հետ»,- ասաց Պալյանը՝ Աջապահյանին կոչ անելով մոմ վառել և աղոթել։
«Ձեր տեղը եկեղեցում է, Ձեր խոսքը կլինի հասկանալի ու ընդունելի միայն այն ժամանակ, երբ ձեր խոսույթը բացարձակ քաղաքական լինելուց զատ կլինի նաև հոգևոր, երբ ձեր խոսույթ կներառեք միավորման, ներման, հոգևոր ճանապարհով ելքեր գտնելու մասին կոչեր, իսկ մինչ այդ հաճախ եկեղեցում մոմ վառեք եւ Աստծուց ներում հայցեք»,- ասաց նա: