Ֆրանսիայում ձերբակալված Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովի կալանքը կարող է երկարաձգվել ևս 24 ժամով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի դատական համակարգի աղբյուրին։
Հստակեցվում է, որ Ֆրանսիայում անձը կարող է կալանավորվել 24 ժամով, իսկ այդ ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ։
Դուրովը ձերբակալվել է օգոստոսի 24-ի երեկոյան Փարիզի Լը Բուրժե օդանավակայանում՝ Ադրբեջանից ժամանելուն պես։ Ըստ ֆրանսիական արդարադատության՝ Դուրովը մեղսակից է իր մեսենջերի միջոցով իրականացվող անօրինական գործողություններին, ինչպիսիք են թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, երեխաների դեմ հանցագործությունները և խարդախությունը։ Բացի այդ, նա հրաժարվել է այս դեպքերում համագործակցել ոստիկանության հետ։ Դուրովին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։