Այսօր՝ ապրիլի 25-ին, 44-օրյա մարտական գործողությունների մասնակից զինծառայողների ընտանիքների անդամների հետ հերթական հանդիպման ժամանակ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ծնողները Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին են ներկայացրել իրենց հուզող հարցերը:
Հանդիպման ընթացքում ծնողները բարձրացրել են իրենց զավակների ճակատագրերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, դատագենետիկական փորձաքննությունների արդյունքների և քրեական վարույթների հետ կապված մի շարք հարցեր:
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ է նշել, որ ծնողների բարձրացրած հարցերն իր ամենօրյա հատուկ ուշադրության ներքո են: Պաշտպանի իրավասության սահմաններում ներպետական և միջազգային կառույցների ու դերակատարների հետ առաջնահերթ քննարկվում են զինծառայողների ճակատագրերի վերաբերյալ հարցերը:
44-օրյա պատերազմի մասնակից զինծառայողների ընտանիքների հետ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ: