Հետևեք մեզ։

Վենետիկի կինոփառատոնում կներկայացվի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով-Սերգեյ Փարաջանով» ֆիլմը

16:21, 27 օգոստոս 2024
Վենետիկի կինոփառատոնում կներկայացվի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով-Սերգեյ Փարաջանով» ֆիլմը

Ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով-Սերգեյ Փարաջանով» վավերագրական ֆիլմը գրանցել է մեծ հաջողություն՝ ընդգրկվելով Վենետիկի 81-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում, VENICE CLASSICS խմբի մրցութային բաժնում: Մեծն Փարաջանովին նվիրված ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունենալու սեպտեմբերի 6-ին Վենետիկում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆիլմի անդրանիկ ցուցադրությանը ներկա կլինեն ինչպես ֆիլմի հերոսները, այնպես էլ ստեղծագործական և պրոդյուսերական կազմը, Իտալիայի Հանրապետությունում ՀՀ Դեսպանատան ներկայացուցիչներ, Իտալիայի Հանրապետության Վենետո նահանգում ՀՀ Հյուպատոսարանի ներկայացուցիչներ, Մխիթարյան Միաբանության ներկայացուցիչներ, փառատոնի հյուրեր և միջազգային գործընկերներ:

Ֆիլմի ռեժիսոր և սցենարի հեղինակ Զառա Ջյանը Փարաջանովի տուն-թանգարանում կազմակերպված մամլո ասուլիսում նշեց, որ VENICE CLASSICS խմբի մրցութային բաժնում իրենց ֆիլմի ընդգրկումն իսկապես մեծ ու հաճելի անակնկալ էր, և մինչ օրս ստեղծագործական խումբը վերապրում է աննկարագրելի զգացմունքները։