35 միլիոն դրամ ՝ ջրհեղեղից տուժածներին և 33 միլիոն դրամ պարգևավճար՝ մարզպետարանի պաշտոնյաներին: Այսպիսի վերտառությամբ գրառում է արել լրագրող Ոսկան Սարգսյանը։
«Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը օգոստոսի 20-ին որոշում է ընդունել «Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2024թ․ հուլիսի 4-ի թիվ 1043-Ն որոշման համաձայն՝ աղետի հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման նպատակով բնակիչներին տրամադրել 35միլիոն 327 հազար 700 դրամ։
Տավուշի մարզպետը նախկինում պատասխանելով իմ հարցմանը ՝ ջրհեղեղից տուժածներին փոխհատուցելու մասին, նշել է․ <<Գյուղացիական տնտեսություններին, օժանդակ կառույցներին, տնտեսվարողներին, ֆիզիկական անձանց ավտոմեքենաներին պատճառված վնասի փոխատուցման և սոցիալական աջակցության հետ կապված հարցերը գտնվում են քննարկման փուլում>>։Այսինքն՝ այս փուլում փոխհատուցել են միայն հեղեղված բնակարանների տերերին։
Սակայն անցած վեցուկես ամսում որպես պարգևավճար պետբյուջեից մեծ գումարներ են բաժանել։
Տավուշի մարզպետարանից տեղեկացել եմ, որ 2024թ․ հուլիսի 15-ի դրությամբ Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները ստացել են 33 միլիոն 484 հազար 235 դրամ պարգևավճար»,-գրել է նա։