Ադրբեջանական կողմը հերթական անգամ Հայաստանին «մեղադրում է զինվելու մեջ»։
Անկարայում թուրք արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ասել է, թե «Հայաստանի արագ սպառազինումը մտահոգության տեղիք է տալիս, երրորդ երկրները նրան դրդում են դա անել»։
«Մենք կարծում ենք, որ դա սխալ քաղաքականություն է և պետք է դիտարկել որպես տարածաշրջանի համար սպառնալիքի լրացուցիչ աղբյուր։ Այս բոլոր գործընթացները վերահսկվում են մեր կողմից, Ադրբեջանի և Թուրքիայի միջև կա համակարգում այս առումով, և մեր դիրքորոշումը նույնն է։ Դրանք փոխադարձ աջակցության, ռազմավարական գործընկերության և դաշինքի հարաբերություններ են։ Սա շարունակվելու է միջազգային մակարդակով։ Մենք հավատում ենք, որ մեր երկրների այս քաղաքականությունը տարածաշրջանում խաղաղություն, անվտանգություն և կայունություն կբերի»,- ասել է նա։