Ադրբեջանը կարծում է, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու պատմական հնարավորություն կա։ Այս մասին Անկարայում թուրք արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա նշել է, թե «հենց դրա համար է ադրբեջանական կողմը Հայաստանին ներկայացրել խաղաղության պայմանագրի նախագիծը և 5 հիմնարար սկզբունքները»։
«Թեև բանակցային գործընթացում դրական դինամիկա է նկատվում, համաձայնագրի նախագծի մի զգալի մասը համաձայնեցված է, սակայն, այնուամենայնիվ, Հայաստանի սահմանադրությամբ և մի շարք այլ նորմատիվ իրավական ակտերով տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ։ Միևնույն ժամանակ Հայաստանը տարածքային պահանջներ ունի Թուրքիայի Հանրապետության նկատմամբ։ Ներկայում խաղաղության պայմանագրի ավարտի հիմնական խոչընդոտը Հայաստանի սահմանադրությամբ մեր երկրների նկատմամբ տարածքային պահանջներն են»,-ասել է նա։