Եվրասիական միջազգային համալսարանի ռեկտոր Կոնստանտին Կլիմենկոյից բացի ևս յոթ մարդ առաջարկել է Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրել Ֆրանսիայում կալանավորված Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է համալսարանի ռեկտորը։
«Նրանք երեք ռեկտորներ են և չորս պատգամավորներ», - ասել է Կլիմենկոն՝ պատասխանելով գործակալության հարցին, թե քանի հոգի է աջակցել իր նախաձեռնությանը։ Ռեկտորը չի մանրամասնել, թե կոնկրետ ովքեր են դիմումներ ներկայացրել Նոբելյան կոմիտե, քանի որ կարծում է, որ այդ մարդկանց վրա ճնշում է գործադրվելու։
«Ես ներողություն եմ խնդրում, ձեզ անուններ չեմ տա, ի նկատի ունեմ, որ դուք հիանալի հասկանում եք, թե ինչ է կատարվում աշխարհում։ Ցավոք, կա ագրեսիվ տեղեկատվական ալիք»,- նշել է Կլիմենկոն։
Ավելի վաղ իր Telegram ալիքում համալսարանի ռեկտորը հայտարարել էր, որ պաշտոնական առաջարկ է ուղարկել Նոբելյան կոմիտե՝ Դուրովին Նոբելյան մրցանակ շնորհելու վերաբերյալ։
Պավել Դուրովին օգոստոսի 24-ին բերման են ենթարկել Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում։ Տեղական մամուլի տեղեկությունների համաձայն՝ գործարարը, ով Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, եղել է երկրում հետախուզվողների ցուցակում։ Նա կարող է ներգրավված լինել մի շարք հանցագործությունների մեջ, այդ թվում՝ Telegram-ի՝ երկրի իշխանությունների հետ համագործակցելուց հրաժարվելու պատճառով։ Մեսսենջերի հիմնադիրը կարող է մեղադրվել ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, խարդախության և փողերի լվացման մեջ։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Դուրովին կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում։