Հետևեք մեզ։

Ամբողջովին խափանվել է հումանիտար բեռների և վառելիքի ներկրումը, չենք կարողացել մատակարարել նույնիսկ կտրոններով նախատեսված ծավալը. Արցախի պետնախարար

17:58, 25 ապրիլ 2023
Ամբողջովին խափանվել է հումանիտար բեռների և վառելիքի ներկրումը, չենք կարողացել մատակարարել նույնիսկ կտրոններով նախատեսված ծավալը. Արցախի պետնախարար

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսիյանն ապրիլի 25-ին հրավիրել է խորհրդակցություն՝ Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան սահմանագծին (Լաչինի միջանցքում) անցակետի տեղադրման և շրջափակումից բխող հումանիտար խնդիրների թեմաներով։


Պետնախարարն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ արդեն ամբողջովին խափանվել է հումանիտար բեռների և վառելիքի ներկրումը, ինչը լրացուցիչ դժվարություններ և սահմանափակություններ է առաջացրել բնակչության կարիքների բավարարման աշխատանքներում։ Նա այդ թեմայով, մասնավորապես, նշել է.


«Լրացուցիչ սահմանափակումները Ադրբեջանի կողմից հանգեցրել են նույնիսկ նվազագույն ծավալի կենսական նշանակության ապրանքների ներկրման անհնարինության: Արդյունքում, չենք կարողացել մատակարարել նույնիսկ կտրոններով նախատեսված ծավալը՝ դրանցում նշված ժամկետում, որի պատճառով մենք հետաձգելու ենք կտրոնների գործունեության ժամկետը, որպեսզի մեր բնակչությունը կարողանա օգտվել այդ հնարավորությունից»։


Անդրադառնալով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից կատարվող բեռնափոխադրումներին՝ պետնախարարը տեղեկացրել է, որ արդեն երրորդ օրն է դրանք նույնպես կասեցված են՝ հավելելով, որ Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով Արցախի Հանրապետության քաղաքացիների հրատապ տեղաշարժի սկզբունքների մասով լրացուցիչ հստակեցումներ պետք է կատարվեն, որից հետո նորություն լինելուն պես կհայտարարվի։


Գ
Ներսիսյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել Շուշիի շրջանի չորս համայնքների բնակչության համար առաջացած սուր հումանիտար խնդիրներին, քանի որ շրջափակված են երկու կողմից՝ Շուշիի ու Հակարիի կամրջի մոտ տեղադրված անցակետի հատվածներում։


«Այս օրերին բոլորս պետք է ավելի բարձր պատրաստականությամբ ու զգոնությամբ կատարենք մեր աշխատանքը՝ շուրջօրյա ու օպերատիվ ռեժիմով: Եվ երբ որոշակի հստակ տեղեկություն է լինում, անպայմանորեն անհրաժեշտ է պատշաճ կերպով իրազեկել հասարակությանը, քանի որ բնականորեն այս իրավիճակում մեր հասարակությունը սպասում է տեղեկությունների և պարզաբանումների: Մյուս կողմից, կարևոր է, որ քաղաքացիներն ըմբռնումով մոտենան ստեղծված իրավիճակին և ձևավորված անորոշություններին, որոնց պատճառով չենք կարողանում բավարար տեղեկություններ տրամադրել՝ տեղի ունեցող գործընթացները հավելյալ ռիսկի չենթարկելու համար»,- ասել է Գ
Ներսիսյանը։


Պետական նախարարն անդրադարձ է կատարել նաև կտրոնային համակարգում ներառված ապրանքների որակի հետ կապված խնդրին, նշելով, որ այդ և այլ խնդիրները բացառելու համար որոշում է կայացվել հրաժարվել պարենային ապրանքների մատակարարման այսպես կոչված տենդերային համակարգից, այդ գործընթացն ամբողջովին իրականացվելու է պետության կողմից, քանզի մասնավոր գործարար հատվածն այդ մասով ստանձնած պատասխանատվությունը չի կարողացել կատարել բարեխղճորեն:


Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև սոցիալալական աջակցության ծրագրերի արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ, որի առնչությամբ պետական նախարարը շեշտել է.


«Անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել տվյալների բազաների ստեղծման ուղղությամբ, իսկ մինչ այդ կառավարության որոշումները պետք է մշակել այնպես, որ հնարավոր լինի արագորեն կազմակերպել դրանց գործնական կիրառությունը: Սոցիալական ծրագրերի շուրջ ունեցած մեր քննարկումների արդյունքում եկել ենք այն եզրահանգման, որ անհրաժեշտ է աշխատանք ու եկամուտ չունեցող բոլոր անձանց ցուցաբերել դրամական աջակցություն, որի շուրջ ակնկալում եմ ձեր տեսակետները»:

Վերլուծական