«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործը հակակոռուպցիոն դատարանի վերջնական փուլում է. առաջիկայում ճառով հանդես է գալու մեղադրող դատախազը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Ռուբեն Վարդազարյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ հարցաքննության հրավիրելու ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանին, նախկին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և այլ անձանց, սակայն դատարանը մերժել է` պատճառաբանելով, թե նրանք մեղադրանքի հետ կապ չունեն:
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: Վարդազարյանը, ըստ մեղադրանքի, 2019 թվականի հուլիսի 19-ից զբաղեցնելով ԲԴԽ նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող, միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը:
Ըստ Սիմոնյանի հաղորդման՝ Վարդազարյանը «ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանի գործով է իրեն դիմել: Աբգարյանը մեղադրվում է Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ինչպես նաև սպանության գործով իր օգտին գործողություններ կատարելու և կաշառք տալու համար. գործով առկա է նաև ձայնագրություն:
Ըստ մեղադրանքի՝ Ռուբեն Վարդազարյանը Signal հավելվածի միջոցով կապ է հաստատել Անդրանիկ Սիմոնյանի հետ և վերջինիցս պահանջել (խնդրանքի եղանակով) փոխել Աբգարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը։ Վարդազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Հիշեցնենք, որ խոսքը նույն Անդրանիկ Սիմոնյանի մասին է, որը այս գործից հետո նոր պաշտոն ստացավ՝ դառնալով ԱԱԾ տնօրենի տեղակալ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։