ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) փոխտնօրեն Դեյվիդ Քոհենը հայտարարել է, որ Վիեննայում ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի համերգների ժամանակ ահաբեկիչները մտադիր էին տասնյակ հազարավոր մարդկանց սպանել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Business Insider պարբերականը։
Մերիլենդում Հետախուզության և ազգային անվտանգության հարցերով գագաթնաժողովի ժամանակ ելույթում ԿՀՎ-ի պաշտոնյան նշել է, որ վարչությունն Ավստրիայի իշխանություններին տրամադրել է տեղեկատվություն, որը նրանց թույլ է տվել ձերբակալել Թեյլոր Սվիֆթի համերգի ժամանակ հարձակում պլանավորող չորս անձի։
«Նրանց մոտ հայտնաբերվել են պայթուցիկներ, ռումբ պատրաստելու համար նյութեր, և նրանք միջոցառման վայր մուտքի հասանելիություն ունեին։ Նրանք ծրագրում էին սպանել հսկայական թվով՝ տասնյակ հազարավոր մարդկանց այս համերգին, այդ թվում, վստահ եմ, շատ ամերիկացիների», - ասել է Քոհենը:
Նա հավելել է, որ կասկածյալներին ձերբակալել հնարավոր է եղել վարչության տրամադրած տեղեկատվության շնորհիվ։
«Ավստրիացիները կարողացան այդ ձերբակալությունները կատարել, քանի որ վարչությունը և հետախուզական համայնքի մեր գործընկերները նրանց տեղեկատվություն տրամադրեցին այն մասին, թե ինչ է պատրաստվում անել «Իսլամական պետության» հետ կապված այս խումբը», - հավելել է նա՝ ասելով, որ «հարյուրավոր կյանքեր, անկասկած, փրկվել են»։
Աշխարհահռչակ երգչուհի Թեյլոր Սվիֆթի երեք համերգները, որոնք պետք է տեղի ունենային Վիեննայի «Էռնստ Հապել» մարզադաշտում օգոստոսի 8-ին, 9-ին և 10-ին, չեղարկվել էին դրանց ընթացքում պլանավորված ահաբեկչության պատճառով։ Թեյլոր Սվիֆթի յուրաքանչյուր համերգին սպասվում էր 65 000 հանդիսատեսի ներկայություն։
«Վիեննայի մեր համերգների չեղարկումը սարսափելի էր։ Չեղարկման պատճառն ինձ համակեց վախի նոր զգացումով և ահռելի մեծ մեղքի զգացումով։ Բայց ես նաև այնքան երախտապարտ եմ իշխանություններին, որովհետև նրանց շնորհիվ մենք վշտացանք միայն համերգների, ոչ թե կորսված կյանքերի համար», - օգոստոսի 21-ին Instagram-ի իր էջում գրել էր երգչուհին։