Արցախի Հանրապետության կառավարության և ՌԴ խաղաղապահ զորակազմի ջանքերի արդյունքում ապրիլի 25-ին հաջողվել է որոշակիորեն վերականգնել հումանիտար բեռների՝ վերջին օրերին Արցախ-Հայաստան սահմանագծին ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրման պատճառով խափանված ներկրումը Հայաստանի Հանրապետությունից: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Խաղաղապահների միջոցով ներկրված բեռի հիմնական մասը եղել է առաջին անհրաժեշտության՝ կտրոնային համակարգում ներառված սննդամթերք, որը վաղվանից մատակարարվելու է խանութներ, և քաղաքացիները կարողանալու են գնումներ կատարել:
Ինչ վերաբերում է առ այսօր չիրացված կտրոնների գործունեության ժամկետին, ապա, հաշվի առնելով պետական նախարարի հանձնարարությունը խնդրին լուծում տալու մասին, լրացուցիչ աշխատանքներ են կատարվում այդ ուղղությամբ և դրա վերաբերյալ հանդես կգանք առանձին հայտարարությամբ։
Հայցում ենք մեր հայրենակիցների ներողամտությունն ու ըմբռնումը՝ նույնիսկ կտրոններով նախատեսված ծավալի պարենը նշված ժամկետում չմատակարարելու համար, ինչը պայմանավորված է անգամ հումանիտար բեռների փոխադրման հանդեպ ադրբեջանական կողմի հարուցած լրջագույն խոչընդոտներով»,- ասվում է հաղորդագրության մեջ: