Հետևեք մեզ։

Երևանի փոխքաղաքապետի թոշակառու հայրը 40 հեկտար հող է գնել, 1․5 մլրդ դրամի վարկ է ստացել, 102 մլն դրամ էլ պետությունն է սուբսիդավորել․ civilnet.am

10:59, 30 օգոստոս 2024
Երևանի փոխքաղաքապետի թոշակառու հայրը 40 հեկտար հող է գնել, 1․5 մլրդ դրամի վարկ է ստացել, 102 մլն դրամ էլ պետությունն է սուբսիդավորել․ civilnet.am

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի հայրը՝ թոշակառու Սոկրատ Փամբուխչյանը 40 հեկտար մակերեսով հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզի Շենիկ գյուղում։ Փամբուխչյանը մտադիր է դեղձի այգի հիմնել, այս նպատակով նաև մեծ վարկային հնարավորություններ է ստացել, իսկ պետական ծրագրից օգտվելու արդյունքում Սոկրատ Փամբուխչյանն ավելի քան 102 միլիոն դրամի սուբսիդավորում է ստացել պետությունից։ Այս մասին գրում է civilnet.am-ը։

«Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ Սոկրատ Փամբուխչյանն անցած տարվա հուլիսին հիմնադրել է «Սանգարդեն» ընկերությունը։ Փամբուխչյանը և՛ ընկերության բաժնետերն է, և՛ տնօրենը։ Սա 71-ամյա Սոկրատ Փամբուխչյանի միակ ընկերությունն է, նա երբևէ որևէ այլ ընկերությունում տնօրեն կամ բաժնետեր չի հանդիսացել։

 

«Սանգարդեն». փոխքաղաքապետի հոր ընկերությունը


Ըստ Պետեկամուտների կոմիտեի հարկ վճարողների փնտրման համակարգի՝ «Սանգարդեն»-ը զբաղվում է «այլ մասնագիտացված շինարարական գործունեությամբ»։ Ընկերությունը գրանցված է նրա բնակության հասցեում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրում Փամբուխչյանի բիզնես գործունեության մասին այլ տեղեկություններ չկան։

Շենիկ գյուղում հողամասերը Սոկրատ Փամբուխչյանը ձեռք է բերել ոչ թե անձամբ, այլ այս ընկերության միջոցով։ Բոլոր հողամասերը նա գնել է Շենիկի ավագանու նախկին անկուսակցական անդամ Հարություն Պետրոսյանից, որն Արմավիրի մարզում ունի խոշոր հողատարածքներ, զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Փամբուխչյանի ձեռք բերած 40 հեկտարի ամենամեծ հողակտորը 19,5 հեկտար է։ Նա այն գնել է 19,4 միլիոն դրամով։

Ավելի ուշ Փամբուխչյանը դիմել է Բաղրամյանի համայնքապետարան, համայնքի ավագանին էլ որոշել է Շենիկի 19,5 հեկտար հողամասից 1,1 հեկտարն առանձնացնել, նպատակային նշանակությունը արոտավայից փոխել ջրային հողերի, ապա հողամասին տրամադրվել է նոր հասցե։ Դրանից մի քանի օր անց Փամբուխչյանը համայնքից ստացել է 20 000 խորանարդ մետր մակերեսով ջրավազան, ինչպես նաև պոմպակայան կառուցելու նախագծային թույլտվություն։ Մեր այցելության ժամանակ ջրավազանն արդեն կառուցված էր, բայց դեռևս ջրով լցված չէր։

Սոկրատ Փամբուխչյանը ձեռք է բերել այս հողամասի հարևանությամբ գտնվող ևս 12 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողեր 12 մլն դրամով։

Նույն տարածքում Սոկրատ Փամբուխչյանը գնել է մեկ այլ հողակտոր՝ 8 հեկտար մակերեսով, որի համար վճարել է 8 միլիոն դրամ։ 3 հողակտորների ընդհանուր մակերեսը մոտ 40 հեկտար է, այս ամենի համար Սոկրատ Փամբուխչյանը վճարել է 39,5 մլն դրամ։

40 հեկտարի մեծ մասը դեռևս ամայի է, միայն դրա մի հատվածում Փամբուխչյանը կառուցել է ջրավազան։ Դատելով տարածքում շինանյութի ու այգեհիմնման համար անհրաժեշտ հենարանների առկայությունից՝ այստեղ շինարարական աշխատանքներ են նախապատրաստվում։

 

Մեծ վարկ «Ամերիաբանկ»-ից, աջակցություն պետությունից


ՍիվիլՆեթի տվյալներով՝ 71-ամյա Սոկրատ Փամբուխչյանը խոշոր վարկային միջոցներ է ստացել «Ամերիաբանկ»-ից։ Նրա խոսքով՝ իրեն տրամադրվել է 1,5 միլիարդ դրամի վարկ, որպես վարկի ապահովման միջոց էլ գրավադրվել են Շենիկում գտնվող այս հողամասերը, դրա վրա հիմնված և հիմնվելիք ենթակառուցվածքները՝ ոռոգման համակարգեր, կարկտապաշտպան համակարգեր, ենթակայաններ և այլն։ Վարկի մարման ժամկետը 2031-ի սեպտեմբերն է։

Սոկրատ Փամբուխչյանի «Սանգարդեն»-ին աջակցություն է ցուցաբերել նաև պետությունը։ Ի պատասխան ՍիվիլՆեթի գրավոր հարցման` էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացրել է, որ «Սանգարդեն»-ը «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-25 թթ» ծրագրի սուբսիդավորման բաղադրիչի շահառու է։ Գյուղատնտեսական այս ծրագիրն ուներ երկու բաղադրիչ՝ վարկերի սուբսիդավորման և ծախսերի փոխհատուցման, բայց հետագա փոփոխություններից հետո գործում է միայն վարկերի սուբսիդավորման բաղադրիչը։ Ըստ ընթացակարգի՝ շահառուներն այգեհիմնման վարկ ստանալու համար դիմում են բանկին, որը վարկունակության հաստատումից հետո հաստատում է նրանց վարկը 14 տոկոսով։ Դրանից 12 տոկոսի մարումն իրականացնում է պետությունը, փաստացի շահառուներին վարկը հատկացվում է 2 տոկոսով։ Այգեհիմնման համար վարկի մարման ժամկետը 8 տարի է։ Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացրել է, որ մայիսի 31-ի դրությամբ «Սանգարդեն»-ին տրամադրված վարկի սուբսիդավորումը նախարարության կողմից կազմել է 102,5 մլն դրամ»,-գրում է civilnet.am-ը։

 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։