Հետևեք մեզ։

Հիմա յուրաքանչյուրս մեզ համար որոշում ենք՝ Արցախը զորությո՞ւն է, փրկությո՞ւն, թե՞ «գլխացավանք». սեպտեմբերի 2-ը կարևոր օր է. Արցախի թեմի առաջնորդ

23:08, 30 օգոստոս 2024
Հիմա յուրաքանչյուրս մեզ համար որոշում ենք՝ Արցախը զորությո՞ւն է, փրկությո՞ւն, թե՞ «գլխացավանք». սեպտեմբերի 2-ը կարևոր օր է. Արցախի թեմի առաջնորդ

Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը սեպտեմբերի 2-ին նախ կայցելի Եռաբլուր՝ իր խոնարհումը բերելու հայրենիքի նահատակված տղաների հիշատակին, այնուհետև կգնա Արցախի ներկայացուցչություն՝ խոսելու ու շփվելու այն հայերի հետ, ովքեր այդ օրը կգնան այնտեղ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Արցախի թեմի սռաջնորդը:

 

Արցախի անկախությունը եղել է ու մեզ համար կմնա՝ որպես սրբազան առաքելության ջանքերի շնորհիվ ձեռք բերված մի գաղափար։ 1980-ականներից սկսած մեր զավակներն այդ գաղափարի համար պայքարեցին ու անկախացան՝ կառուցելով պետականություն։
Արցախի անկախությունը մեզ համար հոգևոր գանձ է, որի շուրջ մենք պետք է շարունակենք մտածել, թե ինչպես կկարողանանք կրկին այն վերարժևորել, ողջ հայությունը պետք է համախմբվի հենց այդ գաղափարի շուրջ։ Այսօր պետք է նաև, որ Հայաստանի պետականությունը նախ պաշտպանվի»,-168.am-ի հետ զրույցում նշեց սրբազանը և շարունակելով միտքը՝ նկատեց.

 

«Եթե Արցախի պետականությունն այսօր կորցնենք, կամ այն լուծարվի, թեև որևէ մեկն իրավական ու բարոյական իրավունք չունի գնալու այդ քայլին, քանի որ Արցախն անկախացել է ժողովրդի քվեով, ու ժողովուրդը կարող է իր ստեղծած պետականության ճակատագիրն ինքը որոշել։ Արցախը համայն հայության, կրոնական տերմինով ասած՝ խաչն է»։

 

Գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի բնորոշմամբ, այն մարդիկ, որոնք Արցախը համարում են «գլխացավանք» ու «բեռ», այդ մարդկանց համար Արցախը և նրա խաչը հիմարություններ են։ Իսկ նրանք, որոնք Արցախը համարում են զորություն, նրանք Արցախն ազատագրողներն են՝պայքարողներն ու վերակառուցողները։

 

«Հիմա յուրաքանչյուրս մեզ համար որոշում ենք՝ Արցախը զորությո՞ւն է, փրկությո՞ւն, թե՞ «գլխացավանք»։ Մենք՝ որպես ժողովուրդ, պետք է կանգնենք, վերագտնենք մեր խաչը և դրա միջոցով՝ մեր ազգային ներուժը։ Միայն դրանով կարող ենք դառնալ վկան այն մեծ տեսիլքին, որ ազգովի պետք է վերադառնանք դեպի խաչին՝ տիրոջ զորակցությամբ։ Կրկնում եմ՝ սեպտեմբերի 2-ը մեզ համար շատ կարևոր է, ազգովի պետք է նշենք Արցախի անկախության օրը»,-եզրափակեց Արցախի թեմի առաջնորդը։