Հետևեք մեզ։

Հրայր Թովմասյանը խանգարում է. ինչ է անելու ՍԴ-ն. «Հրապարակ»

09:43, 31 օգոստոս 2024
Հրայր Թովմասյանը խանգարում է. ինչ է անելու ՍԴ-ն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սահմանադրական դատարանի և Հրայր Թովմասյանի դեմ արշավը ոչ այնքան ՍԴ դատավորի դեմ է՝ նա կարող է ազատությունից ու պաշտոնից զրկվել, որքան Հայաստանին սպասվող վտանգավոր զարգացումների մասին է հուշում։ Փաշինյանին պետք է, որ անաղմուկ, առանց ավելորդ էմոցիաների իր կամակատար ՍԴ-ն` յուրային դատավորներով, դակի ցանկացած փաստաթուղթ: Ընդ որում` ոչ միայն այլընտրանքային կարծիք, քննադատություն չհնչի, այլև ապազգային որոշումների մասին չխոսեն։ Իսկ Թովմասյանի հեռանալուց հետո հենց այդպես էլ կլինի:

 

Ուստի Փաշինյանը խնդիր է դրել ավարտին հասցնել կիսատ մնացած գործը, որը Հրայր Թովմասյանի դեմ սկսել էր դեռ պատերազմից առաջ՝ 2019-ին։ Երեկ դատարանը Թովմասյանին բերման ենթարկելու որոշում կայացրեց, որովհետև մեղադրանքի վաղեմության ժամկետն ավարտվում է դեկտեմբերին, իսկ գործը դեռ պետք է ևս 2 ատյանով անցնի: Ժամեր առաջ էլ հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են այն կանոնակարգը, որի սկզբունքների հիման վրա շարունակելու են սահմանազատումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:

 

«Կանոնակարգը Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով կներկայացվի կառավարության քննարկմանը, որից հետո կմեկնարկի ԱԺ-ում դրա վավերացման ընթացակարգը, փաստաթուղթը նախ կուղարկվի ՍԴ՝ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար»,- նշված է հաղորդագրությունում:

 

Կանոնակարգի բովանդակությունը դեռևս չեն հրապարակել, այսօր Փաշինյանն ասուլիս է տալիս՝ թերևս հող նախապատրաստելով հետագա պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար, և կրկին փորձելու է կատարվածի մեղքը կա՛մ նախկինների վրա գցել, կա՛մ ներկայացնել որպես Հայաստանի պայծառ ապագային ուղղված քայլ, ինչպես արեց Կիրանցում տեղադրված սյուների հետ կապված»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։