Հետևեք մեզ։

Հայաստանը խաղաղության պայմանագրի ստորագրման մասով նոր առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին

14:34, 31 օգոստոս 2024
Հայաստանը խաղաղության պայմանագրի ստորագրման մասով նոր առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին

Խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող գործընթացի մասով հայկական կողմը նոր առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին: Այդ մասին օգոստոսի 31-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Ձեր ուշադրությունն եմ հրավիրում նոր առաջարկի վրա, որը ՀՀ-ն ներկայացրել է Ադրբեջանին: Ճիշտ է, պետք է խոստովանեմ, որ դա ընդամենը երեկ է տեղի ունեցել, և պաշտոնական Բաքուն օբյեկտիվորեն դեռ թերևս չի էլ հասցրել ծանոթանալ այդ առաջարկի էությանը:

 

Առաջարկի էությունը հետևյալն է. որ խաղաղության պայմանագրի վերջին նախագծում ունենք 17 հոդված, 17 հոդվածից 13-ը լիարժեք համաձայնեցված են, ներառյալ՝ նախաբանը: Եվս 3 հոդված բաղկացած է 1-ից ավելի նախադասությունից, և այդ հոդվածների մեծամասնության բառապաշարը համաձայնեցված է: Ո՞րն է մեր առաջարկի էությունը. վերցնել բոլոր համաձայնեցված հոդվածները և ձևակերպումները, դա ստորագրել՝ որպես խաղաղության պայմանագիր, որովհետև հենց ինքը կա նաև խաղաղության պայմանագիր:

 

Ինչո՞ւ ենք մենք դա հնարավոր համարում, որովհետև, ըստ էության, այնտեղ արձանագրված են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բոլոր հիմնարար սկզբունքները, և, այսպես թե այնպես, մենք և երբևէ որևէ մեկը չի կարող ունենալ այնպիսի խաղաղության... կամ որևէ պայմանագիր, որով բոլոր հարցերը կարգարվորվեն:

 

Մեր առաջարկի էությունը հետևյալն է. ինչ այս պահին արդեն համաձայնեցված է, դա ստորագրել և վավերացնել, մնացած բոլոր հնարավոր հարցերի քննարկումը շարունակել: Մեր խաղաղության նույնիսկ ամենաիդեալական պայմանագիրը, և որևէ այլ կողմի, ուրիշ կողմերի, ուրիշ երկրների միջև ստորագրված խաղաղության պայմանագրերը բոլոր հարցերի պատասխանները, միևնույն է, չեն տալիս: Այս դեպքում առավել ևս հենց արդեն իսկ համաձայնեցված հոդվածներում կա մեխանիզմ, որը հնարավորություն է տալիս մշտական գոյություն ունեցող հարթակում քննարկել բոլոր հնարավոր հարցերը, որոնք կապված են խաղաղության պայմանագրի իրականացման հետ: Այդ պայմանագրի ստորագրումից հետո նաև դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն երկու երկրների միջև»,- պարզաբանեց Փաշինյանը: