Հետևեք մեզ։

«ՌԴ-ն հարցեր ուներ Դուրովին, բայց նրան այստեղ ոչ ոք չի ձերբակալել». Պեսկով

18:23, 31 օգոստոս 2024
«ՌԴ-ն հարցեր ուներ Դուրովին, բայց նրան այստեղ ոչ ոք չի ձերբակալել». Պեսկով

 

 

 

Ռուսաստանը նույնպես հարցեր ուներ Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովին, սակայն այստեղ նրան ոչ ոք չի ձերբակալել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման հարցազրույցում, որի մի հատվածը լրագրող Պավել Զարուբինը հրապարակել է իր Telegram ալիքում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

 

Զարուբինը Պեսկովին հարցրել է, թե արդյոք Կրեմլը ինչ-որ բան ունի՞ ասելու եվրոպացի քաղաքական գործիչներին, ովքեր կարող էին բավականին կոշտ արձագանքել, եթե Դուրովին ձերբակալեին Ռուսաստանում:

 

«Ոչ, ես նրանց բացարձակապես ոչինչ չունեմ ասելու, միակ բանը, որ ես ուզում եմ ասել, այն է, որ մեզ մոտ նրան ոչ ոք չի ձերբակալել: Իհարկե, հարցեր կային»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը:

 

Դմիտրի Պեսկովը ընդգծել է, որ ահաբեկիչներն օգտագործում են ոչ միայն մեսենջերներ, այլ նաև ավտոմեքենաներ, բայց ոչ ոք չի ձերբակալում ավտոարտադրողներին:

 

«Այո, իրոք, ահաբեկիչներն օգտագործում են Telegram ցանցը: Բայց ահաբեկիչները նաև օգտագործում են ավտոմեքենաներ: Ինչու՞ չեն ձերբակալում «Ռենո»-ի կամ «Սիտրոեն»-ի գլխավոր տնօրենին», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը: