Հետևեք մեզ։

Ադրբեջանում մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

09:51, 01 սեպտեմբեր 2024
Ադրբեջանում մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

Այսօր մեկնարկել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի արտահերթ ընտրությունների քվեարկությունը։ Քվեարկությունը սկսվել է ժամը 08:00-ին։

 

Մինչ քվեարկությունը երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Մազահիր Փանահովը մամուլի ասուլիս է հրավիրել և տեղեկացրել ընտրությունների նախապատրաստման ընթացքի և ընտրությունների կապակցությամբ ԿԸՀ կատարած աշխատանքների մասին։

 

ԿԸՀ նախագահը տեղեկացրել է, որ խորհրդարանական ընտրություններն ընդգրկում են 125 ընտրատարածք և ընդհանուր առմամբ 6478 ընտրատեղամաս (6343 մշտական ​​և 135 ժամանակավոր տեղամասեր)։

 

Խորհրդարանական ընտրություններում ընտրելու իր իրավունքից կարող է օգտվել 6 421 960 ընտրող։ Այս ընտրողների 47,55 տոկոսը տղամարդիկ են, 52,45 տոկոսը՝ կանայք։ Միլլի Մեջլիսի ընտրություններին առաջին անգամ մասնակցած ընտրողների թիվը 51141 է։

 

Քվեարկության համար տպագրվել է 6 516 567 քվեաթերթիկ։

 

Խորհրդարանական ընտրություններին հետեւելու համար գրանցվել է 112749 տեղական և 598 միջազգային դիտորդ (51 հաստատություններից 69 երկրների քաղաքացիներ)։

 

Միլլի Մեջլիսում 125 պատգամավորական մանդատի համար պայքարում է 990 թեկնածու։ Ընտրություններին որպես թեկնածու գրանցվել են 25 քաղաքական կուսակցությունների 305 ներկայացուցիչներ։ Թեև թեկնածուներից 371-ը քաղաքական կուսակցության անդամներ են, սակայն կուսակցությունների կողմից չեն առաջադրվել։

 

Քվեարկությունը կավարտվի ժամը 19:00-ին։